2019 թվականին նախատեսվում է զգալիորեն մեծացնել հատկացումները ՊՆ-ին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կտրուկ ավելացրել է ռազմական ոլորտի բյուջեն՝ մյուս տարվա համար այն հասցնելով գրեթե 530 միլիոն դոլարի:

Կառավարության նախորդ նիստում հաստատված 2019 թ․ պետական բյուջեի նախագծի համաձայն, գալիք տարի Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 256,4 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով 528,7 միլիոն դոլար: Այս տարվա համեմատ աճը կազմում է 13,6%․ 2018-ի պետբյուջեով ՊՆ-ին հատկացված է 225,6 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով 468 միլիոն դոլար:

Պաշտանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված ռազմական բյուջեի նման կտրուկ ավելացումը:

«Ռազմական բյուջեի ավելացումը, իհարկե, պայմանավորված է մեր անվտանգության մեր անվտանգության միջոցառումների, պլանների իրագործման կարևորությամբ ու անհրաժեշտությամբ, և ավելացումները ուղղվելու են մեզ համար ռազմավարական ուղղություններ», - պատասխանեց Հովհաննիսյանը:

Նա մանրամասնեց, որ հավեյալ միջոցներ են հատկացվելու նոր սպառազինության ձեռքբերմանը․ - «Կան ուղղություններ, որոնք ավելի առաջնային են: Ըստ էության ավելացումները կհատկացվեն բոլոր ուղղություններին, բայց առաջնահերթություն կտրվի հիմնականում նոր սպառազինությունների, զենք-զինամթերքի ձեռք բերմանը»:

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, գալիք տարվա ռազմական բյուջեն մեծությամբ երկրորդն է 2008 թվականից ի վեր: Միայն 2017-ին էր՝ ապրիլյան քառօրյան պատերազմին հաջորդած տարում, որ Հայաստանի կառավարությունը ավելի մեծ բյուջե էր հատկացրել ռազմական կարիքների բավարարմանը՝ 609,8 միլիոն դոլար:

Հայաստանի ռազմական բյուջեն 2008-2019թթ․

2008թ․ - 396,1 միլիոն ԱՄՆ դոլար
2009թ․ - 358,4 միլիոն ԱՄՆ դոլար
2010թ․ - 395 միլիոն ԱՄՆ դոլար
2011թ․ - 390,6 միլիոն ԱՄՆ դոլար
2012թ․ - 380,3 միլիոն ԱՄՆ դոլար
2013թ․ - 444,3 միլիոն ԱՄՆ դոլար
2014թ․ - 456,8 միլիոն ԱՄՆ դոլար
2015թ․ - 415,3 միլիոն ԱՄՆ դոլար
2016թ․ - 470,1 միլիոն ԱՄՆ դոլար
2017թ․ - 609,8 միլիոն ԱՄՆ դոլար
2018թ․ - 468 միլիոն ԱՄՆ դոլար
2019թ․- 528,7 միլիոն ԱՄՆ դոլար


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, ռազմական բյուջեի նման ավելացումը վկայում է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որքան է կարևորում անվտանգության ապահովումը․ - «Եթե նկատել եք, վերջին ժամանակներս շատերը ասում են, թե այ, մենք մտահոգված ենք, նոր կառավարություն, բավական երիտասարդ, կարող է չեն հասկանում, թե ինչքան կարևոր է անվտանգությունը ազգի, ժողովրդի և պետության։ Էս որոշումով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ անվտանգությունը, այո, իր նախապատվությունների մեջ է»:

Ըստ վերլուծաբանի, Հայաստանի ռազմական բյուջեի ավելացումը վկայում է, որ Փաշինյանի կառավարությունը քիչ հավանական է համարում, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեսանելի ապագայում կհաջողվի պայմանավորվել Ադրբեջանի հետ․ - «Հաշվի առնելով այն մրցակցությունը, այն ռազմական մրցավազքը, որը գնում է տարածաշրջանում, պարզ է, որ Հայաստանը, այո, պետք է և՛ ժամանակակից զենքի տեսակներ ձեռք բերի, և՛ բանակը զարգացնի, դարձնի մի կողմից ավելի տրանսպարենտ, մյուս կողմից՝ ավելի հագեցած զենքի տեսակներով»: