Մոսկվան ցանկանում է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին փոխանակել Վիկտոր Բուտի, Կոստանտին Յարոշենկոյի և Մարիա Բուտինայի հետ: Այս մասին երեկ երեկոյան գրել էր «Նովայա գազետա»-ն:
Բուտն ու Յարաշենկոն գտնվում են ամերիկյան բանտում: Երկուսն էլ դատապարտված են Միացյալ Նահանգներում: Մարիա Բուտինան մեղադրվում է ռուսական գործակալ լինելու և դավադրության մեջ ու ձերբակալվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) կողմից:
«Նովայա գազետա» թերթի աղբյուրը գրում է, որ Մոսկվան այս հարցը քննարկում է միայն Վաշինգտոնի հետ՝ Կիևը բանակցություններին չի մասնակցում:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երեկ մեկնաբանելով այս տեղեկությունը, ասել է միայն՝ ինքը տեղեկություն չունի:
Օլեգ Սենցովի փաստաբան Դմիտրի Դինզեն նույնպես հայտնել է, թե տեղեկություն չունի, սակայն հավելել է՝ փոխանակման այս ձևը կարող է աշխատել:
Ուկրաինացի իրավապաշտպան Միխայիլ Չապլիգան կարծում է, որ Սենցովի փոխանակումը երեք ռուսաստանցիների հետ տեսականորեն հնարավոր է: Նման սխեմա աշխատել էր 2017-ին, երբ Մոսկվան Անկարային էր հանձնել Ղրիմի երկու թաթար ակտիվիստների, փոխարենը Անկարան Մոսկվային էր հանձնել երկու ռուսաստանցիների, ում մեղադրում էր լրտեսության մեջ:
Սենցովի փաստաբանի խոսքով՝ այն ժամանակ նույնպես Ուկրաինան բանակցություններին չէր մասնակցել:
Օլեգ Սենցովը Ռուսաստանում դատապարտված է ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Մայիսին նա հացադուլ է հայտարարել, արդեն 140 օր է հացադուլի մեջ է: Նրան բժշկական սնուցում են ապահովում, սակայն Սենցովի առողջական վիճակը մտահոգիչ է ռեժիսորի հարազատների համար:
Սենցովի համար Ռուսաստանի իշխանություններին խնդրանքով, կոչով դիմել են տարբեր երկրների ղեկավարներ և արտգործնախարարներ: Սակայն Կրեմլը միշտ հայտարարել է, որ կարող է քննարկել Սենցկովին ներում շնորհելու հարցը, եթե ինքը՝ Սենցովը դիմի երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին: Սենցովն էլ հայտարարում է, որ չի դիմելու Պուտինին: Այս իրավիճակում փոխանակումը քննարկվում է որպես Սենցովին ազատ արձակելու տարբերակներից մեկը: