Վարչապետը չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն տարեվերջին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն տարեվերջին:

Մինչ այդ` նախ պետք է լուծարվի գործող Ազգային ժողովը: Վարչապետն ասաց՝ լուծարման մեխանիզմները մի քանիսն են: Առաջիկայում կսկսի խորհրդարանական ուժերի հետ բանակցությունները, իսկ ավելի վաղ հայտարարել էր, որ առանց վարչապետի հրաժարականի Ազգային ժողովի լուծարման արդյունավետ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն է համարում:

Գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովը կլուծարվի, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի և երկու շաբաթվա ընթացքում չընտրվի նոր վարչապետ: Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շուտափույթ ընտրություններ անցկացնելու համար շարունակում է պնդել սահմանադրական փոփոխությունների տարբերակը:

«Խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխությունն է, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելը: Եվ մենք պատրաստ ենք այդ մեխանիզմները քննարկել: Այո՛, սահմանադրական փոփոխությունը մի տարբերակ է, բայց դա միակ տարբերակը չէ, կան նաև այլ տարբերակներ», ֊ արձագանքեց վարչապետը: ֊ «Կքննարկենք բոլոր տարբերակները և պետք է գանք ամենառացիոնալ տարբերակի այն պայմանով, որ բոլոր քաղաքական ուժեը տեսնում են և ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ուղղակի չեն կարող տեղի չունենալ և ժողովրդի պահանջն է, որ այդ ընտրությունները տեղի ունենա հնարավորինս շուտ, հնարավոր ամենակարճ ժամկետում»:

Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ օր առաջ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը ամրագրվեց Երևանի ավագանու ընտրություններ արդյունքով, երբ քաղաքացիների մոտ 82 տոկոսը «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ վստահության քվե հայտնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին: Ինչ վերաբերում է այդ նույն ընտրություններում 7 տոկոս քվե ստացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե «Ծառուկյան» խմբակցությունն է որոշելու՝ ինչ դիրքորոշում հայտնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեխանիզմների վերաբերյալ, վարչապետը հայտարարեց․ ֊ «Մեր գործողությունների հիմքում ընկած է եղել, ընկած է և ընկած կլինի ժողովրդի կամքը: Այնտեղ, որտեղ կլինի ժողովրդի կամարտահայտություն, մենք կդառնանք երաշխավորը այդ կամարտահայտության իրականացման»:

Երևանի ավագանու ընտրություններում հանրության 82 տոկոսի քվեին արժանանալը քննադատել էր նաև այդ ընտրություններում մոտ 5 տոկոս քվե ստացած «Լույս» դաշինքի ներկայացուցիչ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Գործող իշխանությանը հակակշիռ չունենալու տեսանկյունից այն վտանգավոր նախադեպ էր համարել, հատկապես եթե ուժերի այս հարաբերակցությունը կրկնվի նաև խորհրդարանում: Ըստ Փաշինյանի՝ այստեղ ինտրիգն այլ է․ ֊ «Հենց հակակշիռը քաղաքացին է: Դրանից ավելի հզոր հակակշիռ չի կարող լինել: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, բնական է, որ քաղաքական դաշտ վերաձևումների կենթարկվի և այդ հակակշռիներն էլ կձևավորվեն»:

Պետության ղեկավարը չբացառեց, որ եթե իր ու խորհրդարանական ուժերի բանակցությունները չհանգուցալուծվեն տարեվերջյան ժամկետի շուրջ, ապա քաղաքացիները դա փողոցում կպահանջեն, կարճ պատասխանեց՝ «կտեսնենք, կտեսնենք»:

Արտահերթ ընտրություններին առայժմ միակ ընդդիմացող ուժի՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը զավեշտալի էր համարել դրա անհրաժեշտությունը ներդրողների տրամադրվածությամբ կամ տնտեսական վիճակով պայմանավորվելը: Վարչապետը Աշտոյանին լավ տրամադրություն մաղթեց, իսկ նախկին իշխանության կողմնակիցներին փողոց հանելու քայլը ողջունեց՝ կասկած հայտնելով, որ կողմնակից ունեն․ ֊ «Դուք կարծում եք, որ Հանրապետական այդքան համախո՞հ ունի Հայաստանի Հանրապետությունում: Թող փորձեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է և յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է իր համախոհներին դուրս հանել փողոց: Եվ երբ ինձ ասացին այդպիսի գաղափար, ես ասացի՝ ես, օրինակ, կքննարկեմ հաճույքով այդ հանրահավաքում ելույթ ունենալու տարբերակը»:

Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթ առաջ իրեն դատի տվել՝ մեղադրելով զրպարտության համար: Վարչապետը սա վերագրեց Քոչարյանի հին սովորույթին․ ֊ «Դա ինձ համար սովորական երևույթ է, արդեն քսանհինգ տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինձ դատի են տալիս, ևս մի քսանհինգ տարի իրենց առողջություն տա Աստված, որ շարունակեն»: