Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։
Փաշինյանը, ով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էր մեկնել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ ներկայացրեց Ալիևի հետ ունեցած քննարկումների մասին։ Վարչապետը նշեց, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
«Ես այս պայմանավորվածության և հնարավոր պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երկու կողմերն արձանագրել են, որ միայն բանակցության միջոցով պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ստեղծել օպերատիվ կապ: - «Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ», - ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետը:
«Մենք կգտնենք փաստարկներ»
Փաշինյանը անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասելով՝ «արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, բայց ոչ ափալ-թափալ»։
Վարչապետը նշեց, որ հենց այսօրվանից զբաղվելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով, թեմայի շուրջ քննարկումներ են ունենալու խորհրդարանական ուժերի հետ, հույս հայտնելով, որ կգան համաձայնության։
«Այս քննարկումների հիմքում ես որևէ մեթոդի նախապայման չեմ դնեի։ Պայմանն այն է, որ սա կապված է նրա հետ, որ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական հարցը շատ կոնկրետ էր դրված: Դա արտահերթ ընտրություններում կողմ կամ դեմ լինելու հարցն էր և ըստ էություն «Իմ քայլը» դաշինքը 81% ձայն է հավաքել: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հանրությունը հստակ ձևակերպում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը: Եթե կլինեն փաստարկներ, որ այդ պահանջը այդքան էլ ամբողջական չէ, կարծում եմ, որ մենք կգտնենք փաստարկներ ցույց տալու համար, որ այդ պահանջը շատ ավելի մեծ է քան որոշ գործընկերներ պատկերացնում են», - հավելում է Նիկոլ Փաշինյանը: