Ադրբեջանի նախագահի կայքը Ալիև ֊ Փաշինյան հանդիպման մասին հաղորդագրություն է հրապարակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը հաղորդագրություն է հրապարակել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մասին՝ վերահաստատելով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունները կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

«Կողմերը հանձն են առել շարունակել բանակցությունները հայ֊ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ՝ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցող միջադեպերի կանխարգելման համար», ֊ ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Կողմերը որոշել են մեխանիզմներ մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապ հաստատելու ուղղությամբ», ֊ նաև ասված է հաղորդագրությունում։

Երկու երկրների ղեկավարները Դուշանբե էին մեկնել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Երեկ ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե Ալիևի հետ պայմանավորվել են, որպեսզի քայլեր ձեռնարկեն սահմանային լարվածությունը մեղմելու և հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ, արձանագրել են, որ Ղարաբաղի հարցը բանակցությամբ պետք է կարգավորվի և պայմանավորվել են կողմերի միջև օպերատիվ կապ ստեղծել։