«Իշխանությունը կարող է ժողովրդի ճնշմամբ լուծարել Ազգային ժողովը»․ սահմանադրագետ

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյան

Կառավարությունում սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները սկսվել են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեցին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակից:

Թե նախագիծը երբ պատրաստ կլինի և կներկայացվի Ազգային ժողով, դեռ մանրամասներ չեն հայտնում:

Նախագծով նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ, որ Ազգային ժողովը լուծարվի առանց վարչապետի հրաժարականի, որից հետո անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություներ:

Նախօրեին էլ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն տարեվերջին, ինչը չի հակասում կառավարության ծրագրով սահմանված մինչև մեկ տարվա ժամկետին:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի կարծիքով, տարեվերջին ընտրություններն հասցնելու համար սահմանադրական փոփոխությունների մեխանիզմը անարդյունավետ է: Այն ժամանակատար է․ - «Սահմանադրական փոփոխություններով շատ ավելի երաշխավորված և կայուն գործընթաց է ենթադրվում, բայց դա նաև շատ ավելի երկար գործընթաց է: Որովհետև էդ Սահմանադրության պետք է նախապատրաստվեն, բերվեն պառլամենտ, քննարկվեն: Նաև հնարավոր է Վենետիկի հանձնաժողովի հետ կապված խնդիրներ լինեն, որ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն արտահայտի դրա վերաբերյալ»:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով տարեվերջին արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես հնարավոր է համարում, պարզապես պատգամավորը դեմ է ընտրության ժամկետին․ - «Եթե տարեվերջին ա նախատեսվում, և քաղաքական ուժերը գան համաձայնության՝ հնարավոր ա: Բայց էստեղ խնդիրը էն ա, որ պարոն վարչապետն ասել է, որ ինքը պետք ա հանդես գա բանակցությունների առաջարկով: Հիմա մենք, չիմանալով, թե էդ բանակցությունների կոնկրետ առարկան կամ ժամկետները ինչպիսին են, էս պահի դրությամբ ես չեմ կարող հստակ ժամանակահատված վկայակոչել: Պետք ա Ազգային ժողովը 70 ձայնով համաձայնություն տա Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուն, եթե համաձայնություն տա, Սահմանադրության մեջ կարվեն փոփոխություններ և արդեն Ազգային ժողովի լուծարման հարցն էլ կկարգավորվի»:

Արտերկրում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ խոստացավ Երևան վերադառնալուն պես խորհրդրանական ուժերի հետ սկսել արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմների շուրջ բանակցությունները: Մինչ որևէ տարբերակի շուրջ հանգուցալուծումը արդեն ստեղծված իրավիճակը հակասահմանդրական է համարում Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:

«Ազատության» հետ զրույցում Այվազյանն ասաց, որ ընտրություններն անհրաժեշտ են օր առաջ, բայց առանց սահմանադրական փոփոխությունների, քանի որ այս տարբերակը երկարաձգում է գործընթացը․ - «Սահմանադրական փոփոխությունը, ինքը որպես այդպիսին, պետք է Ազգային ժողովը ձեռնամուխ լինի դրան, քննարկվի, երկու երրորդով ընդունվի։ Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունը նաև ենթադրում է հանրային լայն շրջանների քննարկում, որը օբյեկտիվորեն ժամանակատար երևույթ է: Չգիտեմ ինչու, համոզված եք, որ անպայման պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն սահմանադրական փոփոխություններից հետո: Եթե նշվում է ժամկետները դեկտեմբեր ամիսը, ապա դա կարող է լինել առանց սահմանադրական փոփոխություններ կատարելու: Վարչապետը հայտարարեց բանակցություններ քաղաքական ուժերի, արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, և այդ բանակցությունների իմաստը հետևյալն է․ որպեսզի բոլոր քաղաքացիները հասկանան, գիտակցեն, որ այլընտրանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների չկա, որովհետև Ազգային ժողովի այսօրվա գոյությունը արդեն հակասահմանադրական է»:

Ըստ Վարդան Այվազյանի՝ առանց սահմանդրական փոփոխությունների արտահերթ ընտրություններին հնարավոր է հասնել նաև ժողովրդի ճնշմամբ․ - «Քանի որ իշխանության իմանենտ սեփականատերը ժողովուրդն է, որ պահին ժողովուրդը գտնում է, որ խորհրդարանը չի արտահայտում իր շահերը, ապա նա ցանկացած պահի կարող է հեռացնել»:

Վարչապետի հետ բանակցությունների պատրաստկամություն են հայտնել խորհրդարանական բոլոր ուժերը՝ ներառյալ Հանրապետականը: