Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջիկա հոկտեմբերին Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կանցկացվի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկումների գլխավոր հարցը սիրիական Իդլիբում վերջին շրջանում ստեղծված իրավիճակն է, փոխանցել է Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Իդլիբը վերջին խոշոր տարածաշրջանն է, որ գտնվում է Սիրիայի զինված ընդդիմության հսկողության ներքո: Երկրի հյուսիսում գտնվող այս նահանգում շուրջ երեք միլիոն մարդ է բնակվում, որոնց գրեթե կեսը փախստականներ են:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակից Ռուսաստանը և Թուրքիան վերջերս պայմանավորվել են Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման շուրջ, որը կարող է մեղմել կառավարական բանակի՝ այդ շրջանի վրա հարձակման հնարավոր հետևանքները: