Հայ-թուրքական սահմանը հատած թուրք հովիվը վերադարձել է Թուրքիա

Մոտ երկու ամիս առաջ հայ-թուրքական սահմանը հատած և հայ իրավապահների կողմից բերման ենթարկված 16-ամյա թուրք հովիվ Ումութ Ալի Օզմենը այսօր առավոտյան վերադարձել է Թուրքիա: Անադոլու գործակալության փոխանցմամբ, Ումութ Ալին իրեն տուն տանելու համար Հայաստան եկած հոր՝ Մուստաֆա Օզմենի հետ միասին երեկ մեկնել են Վրաստան, իսկ այսօր Թյուրքգյոզու անցակետում հատելով թուրք-վրացական սահմանը՝ մտել Թուրքիայի տարածք: Թուրքական դրոշը ձեռքին Ումութ Ալի Օզմենը համբուրել է հայրենի հողը և լրագրողներին ասել, թե բառերով չի կարող նկարագրել հայրենիքի նկատմամբ կարոտն ու տուն վերադառնալու երջանկությունը: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա նաև նշել է, որ առողջական խնդիրներ չունի և հայկական բանտում էլ իրեն լավ են վերաբերվել:

Տղայի հայրը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, թուրքական դիվանագիտական ծառայություններին, Ինտերպոլին և որդու ազատության համար ջանքեր գործադրած բոլոր մարմիններին:

Ուշագրավ է, որ այս պատմությունը առանձնակի հնչեղություն ստացավ «Հյուրիյեթ» պարբերականի լրագրող Իսմայիլ Սայմազի հոդվածից հետո, որի համաձայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական սահմանն անցած Ումութ Ալիին վերադարձնելու հարցով իբր զանգահարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինն էլ համաձայնել էր ազատ արձակել տղային: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հերքել էր այդ տեղեկությունը: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել էր, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ի պատասխան «Ազատության» հարցին՝ նա նշել էր, որ Էրդողանի հետ որևէ խոսակցություն տեղի չի ունեցել:

Ումութ Ալի Օզմենը վերջին երկու ամսում պահվում էր հայկական բանտում հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատելու պատճառով։ Կարսի Աքյաքա գավառի Քյուչյուքդուրդուրան գյուղի բնակչի խոսքերով՝ այդ օրը արոտավայրից անասուններին տուն բերելու էր գնացել, և սահմանային Շիշ բլուրն անցնելով անզգուշաբար մտել Հայաստանի տարածք։

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի անչափահաս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ սեպտեմբերի 25-ին ընդունված որոշման մասին: Ըստ հաղորդագրության, որոշումը կայացվել է՝ առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և հաշվի առնելով, որ Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը անչափահաս է, տվել է ճշմարտացի տեղեկություններ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքների վերաբերյալ ու անկեղծորեն զղջացել է կատարվածի համար:

Օզմենին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը», որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստուգվել է Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենի հնարավոր առնչությունը ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպությունների հետ, սակայն կապը հաստատող տվյալներ չեն ստացվել, ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: