Մոսկվայում iPhone-ի հերթում առաջին տեղի գինը՝ 6000 ԱՄՆ դոլար

iPhone XS և iPhone XS Max բջջային հեռախոսները

Այսօր Մոսկվայում Apple-ի ֆիրմային խանութում վաճառքի կհանվեն այդ ընկերության արտադրած iPhone XS և XS Max բջջային հեռախոսները:

Իշխանամետ քարոզիչներն, անվանի հեռուստամեկնաբանները և հայրենասեր ներկայացող հայտնի մարդիկ զօրուգիշեր հորդորում են նախապատվությունը տալ հայրենական արտադրանքին:

Սոցիալական ցանցերում տատիկներ ու պապիկներ այրում են ամերիկյան թղթադրամը, թեպետ չար լեզուները պնդում են, որ դոլարի փոխարեն մարդիկ պատճեններն են վառում:

Տարածվում են տեսահոլովակներ, որոնք պատմում են ամերիկյան տեխնիկական սարքավորումները, այդ թվում՝ հենց iPhone-ները մուրճերով ջարդուփշուր անելու մասին: Թեպետ այդ դեպքում էլ, չար լեզուները պնդում են, որ իրականում մուրճի հարվածի տակ են հայտնվում կամ շարքից դուրս եկած հին հեռախոսները, կամ էլ ինչ-որ խաղալիքներ:

Բայց այս հզոր հայրենասիրական պրոպագանդան չի օգնում: Համենայն դեպս, iPhone գնելու ցանկացողների թիվը հազարապատիկ մեծ է iPhone ջարդողների համեմատությամբ:

Մարդիկ գիշերներն անցկացնում են Apple-ի խանութի մոտ, հետները տնից բերում են տաք թեյ, վերմակներ, սնունդ: Հերթդ կորցնես՝ տանջանքդ ջուրը կգնա, ոչ մեկին չես համոզի, որ օրեր շարունակ հերթում ես կանգնել:

Ընդ որում, ճարպիկ մոսկվացիները հերթում զբաղեցրած տեղը նաև վաճառում են. ուզո՞ւմ եք հերթում 6-րդ տեղը լինել՝ սեպտեմբերի 24-ից հերթում կանգնած ոմն Արսենին մուծեք 250 հազար ռուբլի, ինչը հավասար է 3 հազար 800 դոլարի: Առաջին տեղի գինը՝ 400 հազար ռուբլի է, ասել է թե՝ 6 հազար դոլար:

Հերթում տեղ վաճառելու բիզնեսով զբաղվող մոսկվացու փոխանցմամբ, առաջին տասը տեղերի միջին գինը մոտ 200 հազար ռուբլի է:

«Առաջին տեղը 400 հազար ռուբլի, երևի վաղը գինը կհասնի կես միլիոնի», - նախօրեին ասել է Արսենը և ավելացրել. - «Կան գնորդներ, ինձ արդեն հինգ մարդ է զանգահարել»:

Եթե կա առաջարկ, ուրեմն կա նաև պահանջարկ: Ո՞վ է պատրաստ մոտ 6 հազար դոլար տալ՝ առաջինը iPhone-ի խանութ մտնելու համար:

«Տեղավաճառներն» ասում են, թե կան մեծահարուստներ, ովքեր ցանկանում են իրենց, կամ իրենց զավակների, կամ ընկեր-ընկերուհիների համար այդպիսի թանկ նվեր գնել, և հատկապես տպավորիչ է, որ iPhone-ը ձեռք են բերում դրա վաճառքի հենց առաջին օրը: