Եվրամիության օրենսդիր մարմնում Սլովակիան ներկայացնող պատգմավոր Էդուարդ Կուկանը ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի թեկնածությունն առաջադրել է Անդրեյ Սախարովի անվան 2018թ․ մրցանակին:
«Օլեգ Սենցովը անմեղ մարդ է, ով կալանքի տակ է գտնվում ավելի քան չորս տարի: Ընթացիկ տարվա մայիսի 14-ից նա հացադուլ է հայտարարել՝ կոչ անելով ռուսաստանյան իշխանություններին ազատ արձակել Ռուսաստանում և Ղրիմում պահվող շուրջ 70 ուկրաինացի բանտարկյալներին, որոնց քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ են առաջադրվել Ղրիմի բռնակցումից հետո: Նա չի պահանջում իր ազատ արձակումը», - հայտարարել է եվրոպացի պատգամավորը, հիշեցնելով, որ այսօր Սենցովի հացադուլի 137-րդ օրն է և նրա կյանքը վտանգված է:
Ղրիմում ծնված ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի կողմից թերակղզին բռնակցելուց հետո: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Ղրիմի ռուսամետ իշխանությունների ընդդիմախոս, 41-ամյա ռեժիսորը մի քանի այլ անձանց հետ իբր հրդեհել է ոստիկանական բաժանմունքն ու ահաբեկչություններ ծրագրել Ղրիմում, սակայն այս մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չեն հրապարակվել: