Bellingcat. «Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձը Ռուսաստանի Դաշնության հերոս է, ռազմական հետախուզության գնդապետ»

Ռազմական և անվտանգության բնագավառներում լրագրողական հետաքննություններ անցկացնող բրիտանական Bellingcat և ռուսական The Insider կայքերը պնդում են, որ կարողացել են բացահայտել ռուսաստանցի ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող երկու անձանցից մեկի ինքնությունը: Խոսքը մարտ ամսին Մեծ Բրիտանիայի տարածք Ռուսլան Բոշիրովi անունով թողարկված ռուսական անձնագրով մուտք գործած անձի մասին է:

Հետաքննող լրագրողները, սակայն, պնդում են, որ Բոշիրովի իրական անունը Անատոլի Չեպիգա է: Նա, ըստ Bellingcat-ի և The Insider կայքի, Ռուսաստանի zինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գնդապետ է, ավելին՝ 2014 թվականի դեկտեմբերին նրան Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհվել: Ուշագրավ է, ի դեպ, որ, ըստ Bellingcat-ի և The Insider-ի լրագրողների, այս տեղեկություններն իրենց հաջողվել է ճշտել բացառապես բաց աղբյուրների վրա հիմնվելով:

Հետաքննող լրագրողները կարողացել են ձեռք բերել Անատոլի Չեպիգային` 2003-ին տրված ներքին անձնագրի և Ռուսլան Բոշիրովի անունով 2009-ին թողարկված անձնագրի պատճենները` համադրելով դրանք նույն Բոշիրովի` բրիտանական հատուկ ծառայությունների կողմից հրապարակված լուսանկարների հետ: Ուսումնասիրելով նկարները` Bellingcat-ի և The Insader-ի հեղինակները հանգել են միանշանական եզրակացության, որ 15 տարվա ընթացքում արված բոլոր երեք լուսանկարներում էլ նույն անձն է պատկերված:

Հետաքննող լրագրողների պնդմամբ, Անատոլի Չեպիգան ծնվել է 1979 թվականին Խաբարովսկի երկրամասում, ավարտել է նույն տարածաշրջանում գտնվող ռուսական ամենահեղինակավոր ռազմական բուհերից մեկը` Հեռավորարևելյան համազորային հրամանատարական ուսումնարանը, ինչից հետո աշխատանքի է անցել ռազմական հետախուզության կառույցներում:

Բացի այդ, լրագրողները Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Բոշիրով-Չեպիգայի մասին մի շարք կենսագրական մանրամասներ են պարզել, որոնք ևս վկայում են հատուկ ծառայությունների հետ նրա սերտ առնչությունների մասին: Հետաքննության հեղինակները, մասնավորաբար, նշում են, որ Չեպիգան երկար տարիներ ծառայել է Խաբարովսկում տեղակայված 14-րդ հատուկ նշանակության բրիգադում, ակտիվորեն մասնակցել է երկրորդ չեչենական պատերազմին`առնվազն երեք անգամ մեկնելով «մարտական գործուղումների»:

Անուղղակի տվյալների վրա հիմնվելով՝ Bellingcat-ի լրագրողները նաև ենթադրում են, որ Անատոլի Չեպիգան 2014-ի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման է արժանացել Արևելյան Ուկրաինայում ծավալված մարտական գործողություններին մասնակցելու համար: Բանն այն է, որ հատուկ նշանակության բրիգադը, որտեղ ծառայում էր Չեպիգան, 2014-ի տարեվերջին ժամանակավորապես դուրս էր բերվել Խաբարովսկից` վերատեղակայվելով Ռոստովի մարզի` Ուկրաինային սահմանակից գոտում:

Բացի այդ, պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ նրան այդ կոչման են արժանացրել «խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար»: Հետաքննության հեղինակները, սակայն, նկատում են, որ խոսքը Սիրիայում իրականացվող գործողությունների մասին լինել չի կարող, քանի որ դրանք մեկնարկել են Չեպիգային հերոսի կոչման շնորհումից առնվազն 10 ամիս անց: «Նույն ժամանակահատվածում իրադրությունը Չեչնիայում ևս հանգիստ էր», - նշում են հետաքննության հեղինակները:

Bellingcat-ի մասնագետները նաև նշում են, որ իրենց հաջողվել է զրուցել ռուսաստանցի պաշտոնաթող մի սպայի հետ, որի կոչումը համադրելի է Չեպիգայի կոչմանը: «Մեր անանուն աղբյուրը խիստ զարմացավ, որ Սոլսբերիում իրականացված հատուկ գործողությանը մասնակցած գործակալներից առնվազն մեկը գնդապետի կոչում ուներ: Առավել զարմանալի էր այն հանգամանքը, որ նա նախկինում բարձր պետական պարգևի էր արժանացել», - նշել է աղբյուրը հավելելով․ - «Նմանատիպ գործողությանը պետք է դաշտային գործակալ մասնակցեր, որի կոչումը չպետք է կապիտանից բարձր լիներ»: Աղբյուրը ենթադրում է, որ բարձր պարգևների արժանացած գնդապետի մասնակցությունը «դաշտային աշխատանքներին» վկայում է, որ հանձնարարությունը տրված է եղել ամենաբարձր մակարդակում»: