Կառավարության այսօրվա նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի հետ կապված Ազգային անվտանգության ծառայության ուսումնասիրությունները շարունակվում են, և առաջիկայում կհրապարակվեն արդյունքները:
ԱԱԾ տնօրենը մանրամասներ չհայտնեց և հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ սեպտեմբերի 11-ին հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ փաստեր կհրապարակի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչպես է կաշառք ստանալու միջոցով ձեռք բերել Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգրես» հյուրանոցը: Տեղեկացրեց նաև, որ Քոչարյանի ունեցվածքի հետ կապված այս սեպտեմբերի սկզբին հարուցվել է քրեական գործ՝ փողերի լվացման հատկանիշով․ - «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․ փաստերով կխոսենք, և կհրապարակեմ, թե ով ինչ ունի և ոնց ա ձեռք բերել: Ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ վեց միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ ունեցվածքները: Ունենք ստացած ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, քրեական գործը հարուցվել ա մի շաբաթ-տասը օր առաջ ունեցվածքի հետ կապված, թե որտեղից ա էկել: Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացումը չկա, փողերի լվացում ա հարուցվել քրեական գործը»:
ԱԱԾ տնօրենը մանրամասնել էր, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց՝ փողերի լվացման հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում երկրորդ նախագահը չի հարցաքննվել: