ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր ԳՄ նիստ է հրավիրել

Ավելի քան մեկ ամսվա դադարից հետո Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հանրապետականի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում այդ նիստերը չէին լինում, և հարցին, թե ո՞րն էր պատճառը, Թադևոսյանը պատասխանեց. - «Արձակուրդներ էին, հիմա վերադարձել ենք, նորմալ աշխատանքային գործընթացներ են ընթանում»։

Ըստ Հանրապետականի կազմակերպչական հանձնաժողովի նախագահի, նիստի օրակարգը կձևավորվի տեղում՝ նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա։

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ նիստին կքննարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ընտրությունների շուրջ քննարկումներ սկսելու մասին, Թադևոսյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել, օրվա նիստից հետո մեր մամուլի ծառայությունը ձեզ կտեղեկացնի»։

Արձագանքելով մամուլի դիտարկումներին, թե այս նիստով Հանրապետական կուսակցությունն ակտիվանում է, Թադևոսյանն ասաց. - «Ես չգիտեմ մամուլն ինչ է գրում, սա մեր նորմալ, բնականոն, կուսակցական աշխատանքն է, որը մենք կատարում ենք։ Այնպես որ, մամուլը մեկնաբանությունը թող իրականությանը համապատասխան անի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով հայտարարել էր, որ Երևան վերադառնալուց հետո քաղաքական և ոչ քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցությունների՝ հասկանալու, թե ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

«Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև քաղաքական անորոշություններն, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, և կարծում եմ, որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որն այսօր գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել՝ խորհրդարանում գործունեությունն այսպիսի կազմով շարունակելու համար», - հայտարարել էր վարչապետը։