Bellingcat. «Ռուսլան Բոշիրովը» իրականում ГРУ-ի գնդապետ Անատոլի Չեպիգան է

Որպես Ռուսլան Բոշիրով ներկայացվող անձը

Մեծ Բրիտանիայի կողմից ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ մեղադրվող երկու ռուսաստանցիներից մեկի իրական անունը Անատոլի Չեպիգա է։ Այս մասին հաղորդում է Bellingcat անկախ հետազոտական կազմակերպությունը։

Այս ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայի դատախազները մեղադրեցին Ռուսլան Բոշիրովին և Ալեքսանդր Պետրովին` Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար։ Ըստ դատախազության՝ նրանք Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) գաղտնի գործակալներ են։

Bellingcat-ը իր հետաքննող գործընկերոջ՝ Insider-ի հետ միասին պարզել է, որ որպես Ռուսլան Բոշիրով ներկայացված անձը իրականում ռազմական հետախուզության գնդապետ Անատոլի Չեպիգան է:

Հայր և դուստր Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: