Քաղաքագետը «չի կարծում», որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները «մեծ կլինեն»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ միջազգային հանրությունը հետաքրքրված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ։

Ինչ վերաբերում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, քաղաքագետը չի կարծում, որ արդյունքները մեծ կլինեն։ Պատճառն, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է։

«Այն շնորհավորական ուղերձը, որ հղեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանին՝ Անկախության օրվա կապակցությամբ, նույնիսկ այնտեղ շատ էր խոսվում Ղարաբաղի հարցից, որ շանս կա լուծելու, պետք է անպայման աշխուժացնել պրոցեսը։ Դա ինձ համար, օրինակ, նշանակում էր, որ միջազգային հանրությունը հետևում է Ղարաբաղի հարցին, ու պարզ է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առիթը չէր կարող չօգտագործել միջազգային հանրությունը, երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նաև Նյու Յորքում հանդիպեցին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, որ կարողանան այդ հանդիպումը կազմակերպել։ Հետաքրքրություն կա ղարաբաղյան հարցի շուրջ, և շատ բնական է, որ այդ հանդիպումն, ի վերջո, կարողացան կազմակերպել։ Պետք չէ մոռանալ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, կամ գլխավոր քարտուղարը՝ Գուտերեշը նաև անդրադարձավ Հայաստանի իրադարձություններին՝ դրական իմաստով, նաև, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ ամենաբարձր մակարդակով հետաքրքրություն կա, ուրեմն, այո՛, այդ հանդիպումը շատ տրամաբանական էր, որ պետք է կայանա։ Ինչ վերաբերում է արդյունքներին՝ չեմ կարծում, որ արդյունքները մեծ կլինեն՝ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Դրական գնահատելով ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ քաղաքագետը հատկապես առանձնացրեց Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Ղարաբաղը պետք է դառնա բանակցային գործընթացի կողմ»։ Գրիգորյանի համոզմամբ, Ադրբեջանն այսօր պատրաստ չէ դրան, և Ադրբեջանի հայտարարությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից քաղաքագետին «օպտիմիզմ չեն ներշնչում», հետևաբար՝ նա չի կարծում, որ «կողմերն ինչ-որ բանի կգան»։

«Հայաստանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հստակ հարց դրեց՝ նախորդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն։ Ինչի՞ մասին է խոսքը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի 2016-ի պայմանավորվածությունները՝ որ մթնոլորտը պետք է փոխվի, որ կողմերը պետք է վստահության փոխադարձ քայլեր անեն, դա չի արվել։ Սպասել, որ ինչ-որ մեծ բան լինի, իզուր է, պետք չէ, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով, վատ չէ, որ կհանդիպեն», - ասաց քաղաքագետը։

Հարցին, թե ակնկալո՞ւմ է պետությունների ղեկավարների հանդիպում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ առաջին դեմքերի մակարդակով հանդիպում չի տեսնում։

«Նիկոլ Փաշինյանը շատ հստակ է դնում հարցը՝ «դուք ուզո՞ւմ եք բանակցել Ղարաբաղի հետ, թե՞՝ ոչ, եթե դուք ուզում եք, որ Ղարաբաղն ինչ-որ չափով ձեզ հետ լինի, ուրեմն պետք է Ղարաբաղի հետ համագործակցեք՝ Ղարաբաղը բանակցային պրոցեսի կողմ լինի։ Եթե ուզում եք, որ մնա Ղարաբաղը ձեզ մոտ, բայց չեք ուզում հանդիպել, ուրեմն ուզում եք հայերից ազատվել՝ նույնիսկ ցեղասպանության գնով»։ Նիկոլ Փաշինյանի հարցադրումը ճիշտ է և շատ հստակ է, ու այստեղ ես չեմ տեսնում, որ Ալիևը պատրաստ կլինի այս հարցադրման կոնտեքստում հանդիպել, բայց ադրբեջանցիները պատրաստ չեն լինի։ Ես չեմ կարծում, որ իմաստ ունի, որ մոտ ժամանակներս, որ հանդիպեն Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, քանի որ Ալիևը պատրաստ չէ կառուցողական քննարկումների։ Բայց պետք է հասկանանք, որ վատ չէ, որ արտգործնախարարները հանդիպում են, դա շատ դրական է, այնուամենայնիվ ավելի ճիշտ է խոսել, այլ ոչ թե կռվել, բայց նախադրյալներ, որ առաջին դեմքերի մակարդակով լինի հանդիպում, ես չեմ տեսնում», - ասաց քաղաքագետը։