Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։

Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև երկրորդ հանդիպումն է։ ։

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։