Սամվել Ֆարմանյան․ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցում որոշման պետք է գալ բանակցությունների միջոցով

Սամվել Ֆարմանյան

Ֆարմայանը շեշտեց, որ Հանրապետական խմբակցությունը արտահերթ ընտրությունների հարցի վերաբերյալ պաշտոնապես որոշում չի կայացրել, հետևաբար բոլոր պատգամավորները այժմ կարող են արտահայտել միմիայն իրենց անձնական տեսակետը:

Օրեր առաջ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության« հետ զրույցում շեշտել էր, որ իրենք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում։

Հարցին, թե արդյոք Վահրամ Բաղդասարյանն այդ հարցազրույցում իր անձնական կարծիքն է արտահայտել, Սամվել Ֆարմանյանն արձագանքեց․ - «Ես ասում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր անձնական կարծիքը, որովհետև էդ հարցը դեռ չի քննարկվել և որևէ որոշում չի կայացվել: Ուստի իմ անձնական կարծիքը կարող եմ էս պահին բացառապես արտահայտել, որ ստեղծված իրավիճակը պահանջում է, որպեսզի իսկապես բոլոր հիմնական քաղաքական դերակատարները ներգրավվեն քաղաքական խորհրդակցություններում և բանակցային ճանապարհով հասնեն որևէ որոշման»:

«Ազատության» ճշտող հարցին, թե իր ասածը արդյոք նշանակում է, որ ինքը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է նստի քննարկման վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկվեն արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված բոլոր հարցերը՝ ներառյալ ժամկետները, Ֆարմանյանը պատասխանեց․ - «Միանշանակ: Ինչպիսին էլ լինեն կողմերի մոտեցումների տարբերությունները, պատկերացումների տարբերությունը, Հայաստանի պետական շահը պահանջում է, նաև նոր քաղաքական մշակույթը նոր Սահմանադրության և քաղաքական նոր իրողությունների պայմաններում քննարկումների ճանապարհով գալ համաձայնության»:

Ֆարմանյանը շեշտեց, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում քաղաքական ուժերը պետք է որոշում կայացնեն ՝ ելնեով պետության շահերից: Հարցին, թե արդյոք նոր ընտրությունները բխում են պետության շահերից, Ֆարմանյանը պատասխանեց, որ քանի դեռ Հանրապետական խմբակցությունը այդ հարցը չի քննարկել, չի ցանկանում բարձրաձայնել իր անձնական տեսակետը․ - «Ես չեմ ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական լարվածությունը նոր հորիզոններ նվաճի: Ո՛չ իշխանությունը, ո՛չ մեր ժողովուրդը, ո՛չ մեր երկիրը նման անհրաժեշտություն չունի»:

Սերգեյ Բագրատյան

Նշենք, որ Հանրապետականից բացի, խորհրդարանական մյուս ուժերը հայտարարել են, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների և առաջիկայում այդ հարցը կքննարկեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ընդունեց, որ այսօրվա խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը․ - «Ես ասեցի իմ կարծիքը, որ չի արտահայտում այս պահին, որովհետև, ինչպես տեսանք, հեղափոխության արդյունքում ձևավորվեց այլ իրավիճակ: 7 տոկոս ունեցող «Ելք» դաշինքը իշխանությունը կարողացավ ձևավորել, դրանով իսկ ապացուցել, որ ինքը ունի ժողովրդի մեծամասնության տված քվեն, ենթադրյալ քվեն»:

Խորհրդարանական մյուս ուժը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, նույնպես հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ իրենց համար կարևորը ոչ թե ընտրությունների ժամկետներն են, այլ որպեսզի այդ ընտրությունների անցկացման հարցը որոշովի քաղաքական կոնսենսուսի միջոցով․ - «Արտահերթ լինեն թե հերթական խորհրդարանական ընտրությունները, թե նույնիսկ հրատապ և անհետաձգելի էլ կոչվեն, դրանք պետք է տեղի ունենան օրենքի տրամաբանությամբ, Սահմանադրությունը չխախտելու տրամաբանությամբ: Իսկ դա ենթադրում է, որ քաղաքական ուժերը կոնսենսուսով ընդունելու են Ընտրական օրենսգիրքը, քաղաքական ուժերը կոնսենսուսով ընդունելու են վարչապետի հրաժարականը, քաղաքական ուժերը կոնսենսուսով երկու անգամ անընդմեջ չեն ընտրելու նոր վարչապետ, և օրենքի ուժով Ազգային ժողովը լուծարվելու է, և գնալու են արտահերթ ընտրությունների»:

Սպարտակ Սեյրանյան

Դիտարկմանը, թե կա նաև սահմանադրական փոփոխությունների տարբերակը, Սեյրանյանն արձագանքեց․ - «Սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովը չի կարող իրականացնել: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են հանրաքվե: Հետևաբար ինչո՞ւ դժվարացնել ու երկարաձգել գործընթացը, եթե կարելի է պայմանավորվել: Եվ թե նոր պայմանավորվել, այլ վերաթարմացնել այն պայմանավորվածությունը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ընտրվել է ՀՀ վարչապետ և ընդունվել է գործող կառավարության գործունեության ծրագիրը՝ ներառյալ արտահերթ ընտրությունների գնալու կետը»:

Հավելենք, որ թեև ընտրությունների շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումները դեռևս չեն սկսվել, սակայն «Ելք» խմբակացության ղեկավար Լենա Նազարյանն «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվեն տարեվերջին: