Ալիևի աշխատակազմի պաշտոնյա․ Փաշինյանի հայտարարությունները կարող են կաթվածահար անել բանակցային գործընթացը

Հիքմեթ Հաջիև, արխիվ

Մի քանի ժամից Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:

Հանդիպմանն ընդառաջ՝ երեկ ուշ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից կրկին հայտարարել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանը պետք է երկխոսի Ստեփանակերտի հետ, հրաժարվի խնդրի ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևն այսօր ասել է, թե դրանք կարող են ամբողջովին կաթվածահար անել բանակցային գործընթացը:

«Եթե Հայաստանն ուզում է առաջընթացի հասնել բանակցություններում, պետք է իրագործի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից և դադարի խոչընդոտել ադրբեջանցի փախստականների վերադարձին», - պետական «ԱզերԹԱջ» գործակալությանն ասել է Հաջիևը: