Լենա Նազարյանը չի բացառում, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն տարեվերջին

«Մինչև տարվա վերջ չեմ բացառում, որ կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ էության ամեն ինչ կախված է բանակցություններից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը:

Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ արտահերթ ըննտրությունների ժամկետը վերանայելու անհրաժեշտությունը ամրագրվեց սեպտեմբերի 23-ին, երբ քաղաքացիները, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, մոտ 82 տոկոս վստահության քվե հայտնեցին արտահերթ ընտրություններին․ - «Ազատ, արդար ընտրությունների ընթացքում մենք տեսանք մարդկանց որոշումը: Երբ որ ասում էինք, և կառավարության ծրագրում գրված էր՝ մինչև մեկ տարի, տեղավորվում ենք նաև մինչև տարվա վերջ ժամկետի մեջ»:

Գործադիրի ղեկավարը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի իր ելույթներում հայտարարել էր, որ ձայն տալով «Իմ քայլը» դաշինքին՝ քաղաքացիները վարչապետին խորհրդարանը լուծարելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատ են տալիս:

Ընտրության նախնական արդյունքների ամփոփումից հետո Փաշինյանը Նյու Յորքից իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոստացավ Հայաստան վերադառնալուն պես քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսել արտահերթ ընտրություններ անցկացնելու մեխանիզմների շուրջ․ - «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, ըստ էության չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ էիչ ձայն հավաքեցին»:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախ նախատեսվում է գործող խորհրդարանում անցկացնել Ընտրական օրենսգիքի և սահմանադրական փոփոխություների նախագծերը: Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են առանց վարչապետի հրաժականի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է լուծարվել այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի և մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ չընտրվի:

Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություներ անցկացնելու մեխանիզմների մասին՝ հայտարարեց, որ իր կարծիքով Ազգային ժողովը լուծարելու արդյունավետ միջոցը սահմանադրական փոփոխության տարբերակն է, որի ուղղությամբ կառավարությունում աշխատանքներ կսկսվեն:

Լենա Նազարյանն ասաց, որ Ազգային ժողովը լուծարելու մեխանիզմները կհստակեցվեն խորհրդարանական ուժերի հետ վարչապետի նախաձեռնած քննարկումների արդյունքում․ - «Ցանկացած դիմադրություն Հանրապետական կուսակցության կողմից ընդամենը ավելացնելու է լարվածությունը հանրության մեջ: Իսկ դա արդեն շատ խոչընդոտներ է ստեղծում: Մենք տեսանք, որ այս ավագանու ընտրությունների արդյունքում կա ՛շատ հստակ խզում Ազգային ժողովի և հանրության միջև, Ազգային ժողովը չի ներկայացնում հանրության քաղաքական կողմնորոշումները և տրամադրությունները»:

Անկախ քննարկումների հանգուցալուծումից՝ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը վերսկսել է Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները:

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի կանխատեսմամբ՝ մինչև հոկտեմբերի վերջ օրենքի նախագիծը պատրաստ կլինի․ - «Ես համարյա վստահ եմ, որ մենք հոկտեմբերի վերջին արդեն կունենանք ընդունված Ընտրական օրենսգիրք: Դրանով հնարավոր է ընտրությունները անցկացնել այս տարի»:

Դանիել Իոաննիսյան

Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Ընտրական օրենսգրքի ընդունումից մեկ տարի անց անցկացնել ընտրությունները, որ քաղաքական ուժերը պատշաճ պատրաստվելու հնարավարություն ունենան:

Ըստ Իոաննիսյանի, Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքը և ստեղծված քաղաքական ճգնաժամը Վենետիկի հանձնաժողովը հաշվի չառնել չի կարող․ - «Վենետիկի հանձնաժողովը, որպես կանոն, նայում է զուտ իրավական կարգավորումներին: Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները շատ կարևոր են, և ես վստահ եմ, որ համարյա բոլորը տեղ կգտնեն Ընտրական օրենսգրքում, այդուհանդերձ, զուտ ընտրությունների ժամկետի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան ակնհայտ է, որ չի իրականացվելու»:

Իսկ արդյո՞ք հնարավոր է երկու ամսվա ընթացքում տեխնիկապես կազմակերպել ընտրական գործընթացները: Այս հարցում Ընտրական օրենսգրքի հանձնաժողովի քարտուղարը լավատես է․ - «Հենց դա էր խնդիրը, որը մեզ ստիպեց չգնալ տեխնիկական տարբեր նորարարությունների: Մենք չեն գնում մատնահետքերի միասնական բազա ստեղծելու ճանապարհով, մենք չենք գնում դեմքերի ճանաչման համակարգի ներդրում․․․ քննարկվում էին տարբեր տեխնիկական լուծումներ: Մենք դրանց չենք գնում, որպեսզի հասցնենք»:

Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ համապետական ընտրությունները պահանջում են ահռելի ծավալով աշխատանք, բայց թե ինչ ժամկետներում է հնարավոր այն կազմակերպել, խուսափեց պատասխանել: Միայն հստակեցրեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում նախընտրական քարոզարշավի ժամկետները կրճատվելու են: Լինելու է 12 օր, ինչպես ավագանու ընտրությունների դեպքում: