Նարեկցիները կառավարությունից ոռոգման ջուր են պահանջում

Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչներն ասյօր բողոքի ցույց իրականացրին կառավարության շենքի մոտ։

Ցուցարարները պնդում են, որ համայնքում ջուր կա, բայց իրենց ջուր չի հասնում, դաշտերը չորացել են։

Գյուղի տղամարդկանցով հավաքվել, Երևան են եկել, բողոքի ակցիա կազմակերպել, քանի որ վերջին հույսը հենց գործադիրի հետ են կապում։ Նրանք սրտնեղում են, որ գյուղատնտեսական տարվա ավարտը մոտ է, իսկ իրենց դաշտերը այդպես էլ նորմալ ջուր չտեսան։ Մեկ-երկու օր տալիս են, հետո անջատում, արդյունքում բերք չեն ստանում։

«Հասկացանք, ջրի սակավություն կա, քիչ ա ոռոգման ջուրը․․․ ամեն ինչը իրա չափ ու սահմանն ունի: Եթե կա, ուրեմն բոլորին թող հասանելի լինի, եթե չկա, թող բոլորին չլինի», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը:

Ջուրը, գյուղացիների փոխանցմամբ, Նարեկ հասնում է պոմպերի միջոցով, ինքնահոս համակարգ չկա, և հենց այդ է պատճառը, որ տալիս են երբ ուզում են ու ինչքան ուզում են։

Մինչև Երևան գալը նարեկցիները նախ մարզպետարան են այցելել, բայց երիտասարդ մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարվել է ընդունել բոլորին, իրենք էլ վերև չեն բարձրացել։ Գնացել են նաևջրօգտագործող ընկերություն, որտեղ ասել են, թե ջուր չունեն։

Վրդովված նարեկցիներին մոտեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Նա ասաց,ո ր խոսել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահի հետ, որը խոստացել է, թե խնդիրը լուծվելու է։

Սակայն Արարատից Երևան եկած քաղաքացիները հստակություն էին պահանջում․ - «10 օր առանց անջատելու ջուր տան, բոլոր նասոսներն աշխատաի, որ մենք ջրենք: Էդ ա մեր պահանջը»:

Փոխվարչապետի օգնականը կրկին հետ գնաց ու չանցած 30 րոպե վերադարձավ։ Պատասխանը հստակ էր՝ Ջրպետկոմից վստահեցրել են, որ կես ժամից գյուղը ջուր կունենա:

Ջրային տնտեսությունից փոխվարչապետի օգնականին նաև փոխանցել են, թե տեղում ջուրն անարդարացի է բաշխվում։ «Այս հարցում վերահսկողություն իրականացնելու համար դուք ևս պետք է օգնեք մեզ», - ասաց Միքայել Նահապետյանը: - «Մարդիկ բոլորը խուսափում են իրանց կողքի այլ մարդու մասին տեղյակ պահեն կառավարությանը, վիճակը հասունանում ա, դառնում ա նենց, որ անարդարացի պայմանների են ձևավորվում, հետո ասում են՝ վայ, բա կառավարությունն ո՞ւր էր, որ ոչ մի բան չի անում»:

Նահապետյանը նարեկցիներին փոխանցեց կառավարության թեժ գծի և իր աշխատանքային համարն ու ասաց՝ խնդիրների դեպքում եղեք կապի մեջ։

Գյուղացիներն էլ պատասխանեցին՝ հարկ լինի կզանգեն, անուններ էլ կտան։