Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ Սիրիային S-300 (C-300) տեսակի հակաօդային պաշտպանության կայանքների փոխանցումը է՛լ ավելի կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում:
Երեկ երկու ղեկավարները հարցը քննարկել են հեռախոսով: Այդ զրույցից հետո Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի վարչապետն իր մտահոգությունները փոխանցել է Ռուսաստանի նախագահին:
Վարչապետը նաև ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի պաշտպանել իր շահերը տարածաշրջանում և ռմբահարել Սիրիայում իրանական թիրախները:
Իսրայելի հայտարարության հետ մեկտեղ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ S-300 «երկիր-երկինք» հրթիռները Սիրիային փոխանցելը Ռուսաստանի կողմից կլինի կոպիտ սխալ, որը մեծ դեր կկատարի Սիրիայում 7 տարի տևող պատերազմն ակտիվացնելու հարցում:
Այս տարի Իսրայելի մարտական օդանավերը, չնայած Սիրիայում ռուսների ներկայությանը, մի քանի անգամ մահացու հարվածներ են հասցրել Սիրիայում դիրքավորված իրանական ուժերին, ինչը, ենթադրաբար, հնարավոր է դարձել ռուսաստանցի և իսրայելցի զինվորականների խորհրդակցությունների արդյունքում:
Սակայն անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ սիրիացիները խոցեցին ռուսական ռազմական օդանավը, ինչի համար ռուսները մեղադրում են իսրայելցիներն, Մոսկվան նկատել է տվել, որ վերանայում է հանդուրժողական մոտեցումը Սիրիայում Իսրայելի գործոողությունների հանդեպ:
Իլ-20 հետախուզական օդանավը ռուսական արտադրության S-200 հրթիռով խոցել են Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը, որոնց իրական թիրախը Սիրիայի օդային տարածք ներխուժած և Լաթաքիայում ռմբահարումներ կատարած՝ իսրայելական օդուժի F-16 տեսակի 4 ինքնաթիռներն էին:
Իլ-20-ի կործանման հետևանքով զոհվել է 15 ռուսաստանցի զինծառայող: Մոսկվան հայտարարել է, որ իսրայելցի օդաչուները սադրել են սիրիացիներին և հեռացել, ինչի արդյունքում թիրախ է դարձել Իլ-20 օդանավը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավի խոցումն անվանել է «ողբերգական հանգամանքների շղթա»:
Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Պուտինին և տեղի ունեցածն անվանել է «դժբախտ պատահար»:
Այս շաբաթ ռուսներն ասել են, որ իրենց զինվորականներին Սիրիայում պաշտպանելու համար Սիրիային կտրամադրեն S-300 կայանքներ, ինչպես նաև տեխնիկական սարքավորումներ, որոնք լռեցնում և խափանում են մոտակայքում հայտնվող օդանավերի ռադարների աշխատանքը:
«Իրավիճակը փոխվել է, և դա մեր մեղքը չէ», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Բենյամին Նեթանհայուն ասել է, որ չնայած առկա տարաձայնություններին՝ Ռուսաստանի և Իսրայելի փորձագետները և զինվորականները հատուկ զինվորական խողովակներով շարունակելու են շփումները: