Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երկու քաղաքական ուժերի՝ Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» դիրքորոշումը երեկտեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Դաշնակցության և «Ժառանգության» դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցան բացառիկ արդար ընտրություններ:
«Մենք պետք է փաստենք, որ 91 թվականից մինչև օրս սա Հայաստանի ամենալեգիտիմ ընտրություններն էին», - ասաց Դաշնակցության նեկայացուցիչ Դավիթ Հակոբյանը՝ կուսակցության անունից շնորհավորելով ընտրություններում 81տոկոս ձայն ստացած «Իմ քայլը» դաշինքին։
Հակոբյանի խոսքով, ընտրություններն ավելի շատ նման էին հնի ու նորի կռվի։ Եվ քաղաքացիներն ավելի շատ իրենց վստահության քվեն տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե թեկնածուների ծրագրերին․ - «Այնուամենայնիվ մենք պետք է փաստենք, որ տեղի ունեցան արդար, ազատ ընտրություններ, և հուսով ենք, որ այս ընտրություններից հետո Հայաստանում կձևավորվի քաղաքական ընտրապայքար: Ժամանակն է նաև, որ շարունակական հեղափոխությունը տեղափոխվի նաև պետական ատյաններ, ծրագրային դրույթներ առաջ գնան, իրական բարեփոխումներ, որը կզարգացնի մեր երկիրը և հասարակությունը»:
«Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու արդեն նախկին թեկնածու Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ «Ժառանգությունն» ընտրությունների արդյուքներն ընդունել է ի գիտություն։ Նրա համոզմամբ՝ այս ընտրություններին դեռևս կար Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ուրվականը, քանի որ նրանք անապատացրել էին Հայաստանի քաղաքական դաշտը․ - «Արդյունքները մեզ համար ընդունելի են, և սա, կարծում եմ, նաև ներկուսակցական տիրույթում ինչ-որ նորի վերափոխման սկիզբ կհանդիսանա: Մի քաղաքական դիտարկում ես պարտադիր պիտի անեմ․ ինձ թվում ա, այս ընտրությունների շրջանակում դեռևս թևածում էր Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ուրվականը: Սա շատ կարևոր դիտարկում ա: Ապրիլից մինչև օրս չի անցել այնքան ժամանակահատված, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ծրագրային դրույթներով շարժվեն ընտրապայքարի շրջանակում: Ես հույս եմ հայտնում, որ սա վերջին ընտրությունները կլինի, երբ որ ներքաղաքական տիրույթում կթևածի Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ուրվականը»:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2 հազար 709 ընտրող, կամ մասնակիցների 0,75 տոկոսը, իսկ Դաշնակցությունը ստացել է 5 հազար 882 ձայն, կամ ձայների 1,62 տոկոսը։
1,39 տոկոս ձայն ստացած «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն առայժմ հրաժարվում է ընտրություններին որևէ գնահատական տալ։
Ավելի ուշ, սակայն, կուսակցությունը տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես ասված է․ - «Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կուսակցությունն ավելի ուշ հանդես կգա քաղաքական վերլուծությամբ:
1 տոկոս ձայն ստացած «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը նույնպես շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Շահգելդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․ - «Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»:
1 տոկոսից քիչ ձայն ստացած «Երևանի հանրությունը» ևս կայացած է համարում ավագանու քվեարկությունը: Դաշինքի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: «Երևանի հանրությունը», որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր, շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը և քաղաքական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը»: