«Երկիր Ծիրանի»-ն շնորհավորում է երևանցիներին «առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների» ընտրությունների առթիվ

«Երկիր Ծիրանի»-ի առաջնորդ Զարուհի Փոստանջյան, Երևան, 23-ը սեպտեմբերի, 2018թ.

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին «առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ»:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությունում «Երկիր Ծիրանի»-ն արձանագրում է, որ «Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66 տոկոսից 81.05 տոկոսը՝ բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ»:

«Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում», - ասված է հայտարարությունում:

«Երկիր Ծիրանի»-ն, որի ցուցակը Երևանի քաղաքապետի ընտրություններում գլխավորում է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, ըստ նախնական արդյունքների՝ ստացել է ընտրողների 1.39 տոկոսի քվեները: