Ալեքսեյ Նավալնին կրկին ձերբակալվեց

30-օրյա կալանքից ազատ արձակվելուց վայրկյաններ անց ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կրկին ձերբակալվեց:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ նա չէր հասցրել իր հետևից կալանավայրի դուռը փակել, երբ իրավապահները նրան մտցրին ավտոբուս և տարան հաջորդ ձերբակալությունը ձևակերպելու: Այսպիսով Ալեքսեյ Նավալնին ազատության մեջ մնաց հինգ վայրկյան:

Ընդդիմադիր գործչի թիմակից Լեոնիդ Վոլկովի խոսքով Նավալնիին այս անգամ առաջադրվել է «էկզոտիկ հոդված», որը նախկինում չի կիրառվել: Քաղաքական գործիչը մեղադրվում է հանրահավաքների անցկացման ժամանակ խախտումների համար, որոնք մարդու առողջությանը վնաս են հասցրել: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Նավալնիին սպառնում է 20 օրյա կալանք, մինչև 300 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 200 ժամ հարկադիր աշխատանք:

Ալեքսեյ Նավալնին, ով հինգ տարի շարունակ ապարդյուն փորձում է իր կուսակցությունը գրանցել ընտրություններին մասնակցելու համար, հերթական անգամ մեկամսյա կալանքի էր դատապարտվել օգոստոսի վերջին` հունվարի 28-ին կազմակերպված «Ընտրողների գործադուլ» ակցիայի համար: Մինչդեռ քաղաքական գործչի համոզմամբ՝ իրեն ձերբակալել են սեպտեմբերյան ակցիաների պատճառով: Այդ ձերբակալությունից առաջ ընդդիմադիր գործիչը աջակիցներին հորդորել էր երթերով ու ցույցերով բողոք հայտնել կենսաթոշակային վիճահարույց բարեփոխումը կասեցնելու պահանջով: Չնայած ընդդիմադիր առաջնորդի կալանքին, սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի ավելի քան ութ տասնյակ քաղաքներում հազարավոր մարդիկ արձագանքել էին փողոց դուրս գալու կոչին: Ոստիկանությունը ավելի քան երեք տասնյակ քաղաքներում ցրել էր այդ ցույցերը՝ ձերբակալելով աղմկահարույց օրենքի դեմ բողոքող ավելի քան հազար քաղաքացու՝ այդ թվում անչափահասներ և տարեցներ:

Պուտինի ամենակոշտ քննադատը համարվող Նավալնիի անհամար վարչական կալանքները, իրավաբանների կարծիքով, չեն կարող նոր քրեական գործի պատճառ դառնալ, սակայն որևէ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության դեպքում մեղադրանքին կարող են գումարվել նրա բազմաթիվ ձերբակալությունները և այդ պարագայում դատարանը լրացուցիչ հիմքեր կունենա նրան կալանքի տակ պահելու համար:

Մինչ Նավալանին բանտում էր նրան մենամարտի էր կանչել ռուսաստանցի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլորտովը, ով Վլադիմիր Պուտինի անձնական թիկնազորի նախկին ղեկավարն էր:

Հատուկ տեսանյութում ուժային կառույցի ղեկավարը սպառնում էր Նավալնիից «լավ, հյութեղ չալաղաջ պատրաստել»:

Ռոսգվարդիայի ղեկավարը այս սպառնալիքներով արձագանքել էր իր ղեկավարած կառույցի մասին կոռուպցիոն բացահայտումներին՝ մասնավորապես գերատեսչության կասկածելի գնումների մասին, որը հրապարակել էր Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը»:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հերթական ձերբակալությունը տեղի է ունենում երկրի իշխող կուսակցության՝ ընտրություններում կրած ծանր պարտության ֆոնին: Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում պարտվել է, չնայած երկու թեկնածուներն են վայելում էին Կրեմլի աջակցությունը: