«Պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Փաշինյան

«Երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ այս խորհրդարանը չունի գործելու մանդատ», - ասաց վարչապետը։

Երևան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական և ոչ քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցությունների՝ հասկանալու, թե ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այդ մասին այսօր Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Փաշինյանը։

Նախ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում 81 տոկոս ձայն հավաքելու կապակցությամբ, Փաշինյանը հայտարարեց, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև քաղաքական անորոշություններն, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, և կարծում եմ, որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որն այսօր գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել՝ խորհրդարանում գործունեությունն այսպիսի կազմով շարունակելու համար։ Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նրանք նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած ուժերին, որպեսզի նրանք լինեն խորհրդարան, ձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, ընտրեն վարչապետ և, ի վերջո, հայաստանյան կյանքը, Հայաստանյան քաղաքական պրոցեսները լիարժեք կենտրոնանան տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ։ Այս առումով կարծում եմ իսկապես շատ կարևոր ժամանակաշրջան ենք մտնում», - ասաց վարչապետը։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, որ նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում:

«Ազատության» հարցին՝ Հանրապետականը պատրա՞ստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ինչի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․ - «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի' հետ կապված քննարկումներ մենք կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»:

Փաշինյանը բարձր գնահատեց Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը։

«Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ են այդ թեմայի շուրջ բանակցություններ վարել, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, ի դեպ նաև ՀՅ Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածուն, իմ ունեցած տեղեկատվությամբ, շնորհավորական ուղերձ է հղել «Իմ քայլը» դաշինքին, սա քաղաքական նոր մշակույթի և նոր իրողության նշաններ են, որոնք շատ կարևոր են», - ասաց վարչապետը՝ դիմելով հանրությանը. - «Հույս ունեմ, որ դուք այս ընտրություններով տեսաք, որ ձեր ձայնը որոշիչ է, դուք կարող եք ձեր ձայնով որոշել՝ ով է իշխանություն, ով է ընդդիմություն, ով պետք է լինի Երևանի ավագանիում, ով՝ խորհրդարանում, կառավարությունում և ով պետք է չլինի։ Ես ուզում եմ ձեզ երաշխավորել, որ այս իրողությունը չի փոխվելու»։