Վահե Էնֆիաջյան․ Մենք պատրաստ ենք մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակում ընդգրկված Վահե Էնֆիաջյանի հետ:

«Ազատություն»․ - Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունենալով 81 տոկոս վստահության քվե, ինքը վերադառնալու է Հայաստան և սկսելու է բանակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ: Պատրա՞ստ է «Բարգավաճ Հայաստանը» արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ:

Էնֆիաջյան․ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է քննարկումներին մասնակցելու և երբ որ քննարկումները տեղի կունենան, բնականաբար, մեր պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգանք: Իմացեք, որ մենք պատրաստ ենք»:

«Ազատություն»․ - Այսինքն ձեզ համար ընդունելի են արտահերթ ընտրությունները:

Էնֆիաջյան․ - Եթե մենք պատրաստ ենք այդ քննարկումներին մասնակցելու, բնականաբար, որպես գաղափար մեր համար կարող են ընկալված լինել: Բայց ինչ քայլերի հերթականությամբ, ինչ տեսլական․․․ սրանց սաղ պետք է քննարկել թե՛ քաղաքական մասը, թե՛ տեխնիկական հատվածը:

«Ազատություն»․ - Ժամկետները ձեզ համար էակա՞ն են լինելու:

Էնֆիաջյան․ - Քննարկումների արդյունքում այդ ամեն ինչը պարզ կդառնա:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները: «Բարգավաճ Հայաստանը» բավականաչափ քիչ թվով ձայներ ստացավ, Ձեր համար սպասելի՞ էին այսօրինակ արդյունքները:

Էնֆիաջյան․ - Ընտրությունների հետ կապված լավագույնս արդեն իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես է եկել, որտեղ ըստ էության ամեն ինչ ասված է: Մեր համար ամենակարևորը ի սկզբանե, որ մենք արձանագրել ենք, որ առաջիկայում ունենանք որակապես նոր մոտեցումներով ընտրություններ, ինչի հետ կապված մեր երկրի քաղաքացիները, մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեցել են ազատ ընտրությունների մասնակցելու: Ազատ ընտրությունների գաղափարը, արդար ընտրությունների, օրենքի տառին համապատասխան ընտրություններ կազմակերպելու գաղափարը մեզ համար ամենակարևորներից էր: Այս պահի դրությամբ մենք որևիցե փաստ կամ արձանագրություն կոպիտ խախտումների կամ ինչ-որ նման նախաձեռնությունների հետ կապված չենք արձանագրել, և նման տեղեկություններ մեր շտաբում այս պահի դրությամբ դեռևս չի արձանագրված: Ինչի հետ կապված մենք նաև ասել ենք, որ մեր երկրի քաղաքացին է որոշում որ քաղաքական թիմին, որ անձին է ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում, որ ծրագրային դրույթներ են ուզում, որ մեր երկրում իրականություն դառնան: Մնում է արդեն առջևում աշխատանքային ժամանակահատված, ինչին մնում է ասել բարի երթ:

«Ազատություն»․ - Հիասթափվա՞ք եք փոքր-ինչ այդ արդյունքներից:

Էնֆիաջյան․ - Ես կարծում եմ, ավելի շատ հետևություններ պետք է անել: Այնուամենայնիվ ես ինքս իմ համար ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն էր հանգամանքը, որ մթնոլորտը փոփոխություններից, հեղափոխական էս տրամադրություններից հետո մայրաքաղաք Երևանում այնուամենայնիվ այսքան մասնակցությունը քիչ եղավ: Սա ինձ համար, որպես երևանցու, ամենամտահոգիչ հանգամանքն է: Եվ մյուսը, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ, կարծում եմ, ընտրություններից հետո պետք է հետևություն անի»: