Առաջիկա շաբաթներին Մոսկվան Սիրիային S-300-ներ կփոխանցի

Ռուսաստանյան արտադրության S-300 զենիթա-հրթիռային համակարգ, արխիվ

Առաջիկա օրերին Ռուսաստանը Սիրիայի իշխանություններին հակաօդային պաշտպանության S-300 (C-300) համակարգեր կփոխանցի: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Երկու շաբաթվա ընթացքում [Սիրիային] S-300 ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգ կփոխանցվի, որն ի վիճակի է 250 կիլոմետր հեռավորության վրա օդային թիրախներ հայտնաբերել և միաժամանակ խոցել դրանցից մի քանիսը: Համալիրը լրջորեն կամրապնդի սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի մարտունակությունը: 2013 թվականին Իսրայելի խնդրանքով մենք դադարեցրեցինք S-300 համակարգերի մատակարարումը: Այսօր, սակայն, իրադրությունը փոխվել է, և ոչ մեր մեղքով», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Պաշտոնական Մոսկվան S-300 համակարգերը Սիրիա առաքելու որոշումը կայացրեց ռուսական Իլ-20 հետախուզական օդանավի կործանումից հետո, որի մեղավորն, ըստ ռուսական կողմի, Իսրայելի ռազմաօդային ուժերն էին: