«Ականատես». «Այս ընտրություններին չկար թաղային խուժանի ներկայությունը»

«Ականատես» դիտորդական խումբը երեկ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտարկում է իրականացրել Երևանի 475 ընտրատեղամասերից 80-ում։

Խմբի անդամներից Սոնա Այվազյանի փոխանցմամբ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունների ընթացքում մթնոլորտն ընտրատեղամասերում շատ հանգիստ էր։

«Ես նաև որպես ընտրող կարող եմ ասել, ով գնացել է ընտրատեղամաս և ընտրատեղամասի մոտ չի տեսել թաղային խուժանի ներկայությունը, որոնք պարզապես հոգեբանական ճնշում են գործադրում և տեղամասում, և տեղամասից դուրս։ Դա շատ ակնհայտ էր, և շատ հանգիստ էր երեկ ընտրատեղամասում, ի տարբերություն այլ տարիների ընտրությունների, և ընդհանուր մթնոլորտն ու ընդհանուր տրամադրությունը շատ հանգիստ էր», - ասաց Այվազյանը։

Անդրադառնալով խախտումներին՝ դիտորդը նշեց. - «Երեկվա դիտարկումների արդյունքում 232 ընտրողների անուններ չի եղել ընտրողների ցուցակում։ Սարքում ներառված գրանցման հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ, մոտ 705 դեպք արձանագրել ենք։ Գրանցման խնդիրներ են ունեցել դիտորդները, արձանագրվել են ընտրողին օգնելու կարգի խախտումներ՝ մոտ 40 դեպք, քվեարկության գաղտնիության խախտումներ՝ մոտ 35 դեպք, 26 ընտրող իր անվան դիմաց նկատել է ստորագրություն, նրանցից մեկը չի քվեարկել և հեռացել է, 18 տեղամասում տեխնիկական սարքի խափանում է եղել։ Մի քանի ավելի փոքր մասշտաբի խախտումներ՝ քարոզչություն, հակաքարոզչություն, դիտորդների ուղղորդման դեպքեր էլ են եղել, բայց շատ ավելի քիչ։ Երեկոյան հաշվարկի ընթացքում հիմնականում նկատվել են տեխնիկական խնդիրներ և դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»։

Այվազյանը գոհ չէր հանձնաժողովների անդամների աշխատանքի որակից։

«Մեր դիտորդներից մեկի դիտարկումները շատ տիպական են մյուսների համար. հանձնաժողովի անդամները կարծես ինչ-որ գաղտագողի վարքագիծ են դրսևորում, խմբավորումներով են գործում, փորձում են դիտորդի մոտենալուն պես թաքցնել ինչ-որ բան, նույնիսկ եթե ինչ-որ խախտում չի դիտարկվում դիտորդի կողմից, բայց այդ վարքագիծն ինչ-որ կասկածներ է հարուցում դիտորդների մոտ և դա նորմայից տարբերվող վարքագիծ է։ Ես չեմ կարող ասել, որ 80 տեղամասերում ստացել ենք այդ պատկերը։ Կարծում եմ, որ հանձնաժողովները դեռևս շատ բան ունեն սովորելու, անելու և փոխվելու», - ասաց Այվազյանը։

Լևոն Բարսեղյանն էլ նկատեց՝ այս անգամ չկային «հանրապետականների տասովչիկների բրիգադները, քրեական խավը չէր ներգրավված ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին գրկած բերում էին ընտրատեղամաս, չկային ճնշումներն ազատ ընտրողների նկատմամբ»։ «Դժվար է գնահատել, թե դա քվեի ինչ կշիռ է, բայց իմ գնահատականներով մոտավորապես 150 հազար քվեի կշիռ է, եթե դա գումարենք ստացված քվեին, կարող էր ձևակերպվել մինչև 63-65 տոկոս», - ասաց Բարսեղյանը։

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը, որն ստացել է քվեների 81.06 տոկոսը: