ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «ֆանտաստիկ» է որակում փոփոխությունները Հայաստանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «ֆանտաստիկ» է որակել Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած փոփոխությունները:

«Մենք տեսնում ենք ավտորիտարիզմի աճը աշխարհում: Այդ առումով կարևոր է քաղաքացիական հասարակության դերը: Կարևոր է, որ մարդիկ՝ հատկապես երիտասարդները, միավորվեն և ցույց տան, որ ժողովրդավարությունը, ազատությունը և մարդու իրավունքները ծայրաստիճան կարևոր են մեր հասարակության համար», - ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է Գուտերեշը` շարունակելով․ - «Մենք բոլորովին վերջերս խաղաղ փոփոխության մի ֆանտաստիկ օրինակ տեսանք Հայաստանում, որը հենց երիտասարդների ջանքերով էր առաջ մղվում: Եվ դա ֆանտաստիկ օրինակ էր, որը հույս է ներշնչում, որ նոր սերունդները ավելի մեծ նվաճումներ կարձանագրեն, քան իմ սերունդը»: