Արտակ Զեյնալյանը զերծ մնաց հայտարարություններից, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա

«Քվեարկության ավարտին մնացել է դեռևս 8 ժամ, և իմ հնչեցրած տեսակետները կարող են, ունակ են ազդել քվեարկության արդյունքների վրա, ուստի ես այս պահի դրությամբ որևէ հայտարարություն չեմ կատարի», - ասաց արդարադատության նախարար, Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը:

4/30 ընտրական տեղամասում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում նա խոստացավ, որ քարոզարշավի, ընտրությունների ընթացքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան քվեարկության ավարտին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական շտաբներից մեկում Ոստիկանության գործողությունների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին Զեյնալյանը արձագանքեց․ - «Դրա մասին չեմ լսել, տեղյակ չեմ: Ես այսօր վերնագրերը կարդալով, Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի հայտարարության մի հատվածն եմ որպես վերնագիր ընթերցել, ես ենթադրում եմ, որ դրանք միմյանց հետ կապված են, և ըստ այդ հայտարարության՝ որևէ հակաօրինական բան չկա: Ես չեմ կարող ամբողջը վերլուծել: Եվ չեմ կարդացել անգամ այդ հայտարարության տակ եղած տեքստը, ընդամենը վերնագրից եմ ենթադրում և ենթադրությունների հիման վրա չեմ ուզում կատարել եզրահանգումներ»:

Ոստիկանությունը երեկ ահազանգ է ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել են դեպքի վայր և քննչական գործողություններ են իրականացրել։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր ասաց, թե «այդ փաստն ուսումնասիրության մեջ է, հենց որևէ բան լինի, պարզաբանումներ կտրամադրվեն», իսկ ոստիկանների երեկվա գործողությունները, նրա հավաստմամբ, օրենքի շրջանակում էին:

Ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության առնչությամբ, որ հիմնավոր ապացույցներ չներկայացնելու դեպքում պետք է քրեական գործ հարուցվի սուտ մատնության հատկանիշներով, կամ էլ իրենք բարձրացնելու են ոստիկանապետի հրաժարականի հարցը, արդարադատության նախարարը ասաց․ - «Եթե այն ամենը, ինչ ներկայացնում եք, այդպես է, ապա այս հարաբերությունները ոչ թե զրպարտության և պատվի, արժանապատվության պաշտպանության հարաբերություններ են, այլ այլ իրավահարաբերություններ են, և դարձյալ իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ հայաստանյան օրենսդրության մեջ կան»:

Հարցին էլ՝ «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիոն գործընկերություն պատկերացնո՞ւմ են Երևանի քաղաքապետարանում, «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն պատասխանեց․ - «Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները, ըստ այդմ կկողմնորոշվենք, ըստ այդմ կերևա, թե ինչ է տեղի ունենալու»:

Արտակ Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել հետագա հարցերին և մտավ ընտրատեղամաս՝ քվեարկելու: