Վանեցյան․ Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվելու են նրանով, որ «լինելու է ժողովրդի կամքը, և ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության մեջ», հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:

4/35 ընտրատեղամաս քվեարկելու ժամանած ԱԱԾ տնօրենը լրագրողների հարցերին ի պատասխան հայտնեց, որ որոշել է՝ ում է ընտրելու, ունի իր թեկնածուն:

«Ազատության» հարցին, որ վերաբերում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) շտաբներից մեկում Ոստիկանության երեկ իրականացրած միջոցառումներին և ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ուղղած կոչին՝ մասնավորապես գաղտնալսելու միջոցով պարզել, թե ովքեր են զանգահարում քաղաքացիներին և պահանջում ընտրել «Իմ քայլը» դաշինքին ու Հայկ Մարությանին, ինչի մասին ահազանգեր են ստացվել, Վանեցյանը արձագանքեց․ - «Ազգային անվտանգության ծառայությունը կատարում է իր աշխատանքները մշտապես իր լիազորությունների շրջանակներում, և Ազգային անվտանգության ծառայությունը չպետք է բարձրաձայնի իր կատարված աշխատանքների մասին: Հավատացած եղեք, եթե Ազգային անվտանգության ծառայությունը ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու և առանց մի րոպե հապաղելու: Եվ հավաստիացնում եմ, որ կապ չունի՝ դա կլինի այս կամ այն թեկնածուի կողմնակիցները կամ այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցները: Եթե կլինի մարդ, մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, միանշանակ կկրի իր պատիժը»:

«Թեկնածուներից մեկը ահազանգել է, դա հիմք չէ՞», - այս հարցին ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ - «Այդ գործառույթները դրված են Ոստիկանության վրա, Անվտանգության ծառայությունը երբևիցե չպետք է, իմ կարծիքով, խառնվի ընտրական պրոցեսի մեջ, և եթե մեր ոստիկանությունը աշխատում է, ես չեմ կարծում, որ պետք է մենք միջամտենք»:

Ոստիկանությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբներից է, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել են դեպքի վայր։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր ասաց, թե «այդ փաստն ուսումնասիրության մեջ է, հենց որևէ բան լինի, պարզաբանումներ կտրամադրվեն»: