Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի՝ սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Վարչապետի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես: