«Հյուսիսային Կորեան դեռ վտանգ է ներկայացնում, սակայն դրա աստիճանը նվազել է»

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ:

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն այսօր ասել է, թե Հյուսիսային Կորեան դեռ շարունակում է աշխարհի համար ներկայացնել միջուկային վտանգ, սակայն դրա աստիճանը վերջին ժամանակաշրջանում էապես նվազել է:

Այդ մասին Փոմփեոն ասել է BBC բրիտանական հանրային հեռուստառադիոկայանին:

Պետքարտուղարի փոխանցմամբ, այն պահին, երբ Դոնալդ Թրամփը ստանձնել է Ամերիկայի նախագահի պաշտոնը՝ Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը շատ ավելի հավանական էր: «Սա լուրջ քայլ առաջ է»,- ասել է Փոմփեոն:

Այս տարվա հունիսի 12-ին Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը հանդիպել են Սինգապուրում: Դա պատմության ընթացքում երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր:

Նախագահները Սինգապուրում հրապարակել են համատեղ հռչակագիր, որով Հյուսիսային Կորեան համաձայնություն է տվել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը:

Միացյալ Նահանգներն, իր հերթին, պարտավորվել է անվտանգության երաշխիքներ տալ Հյուսիսային Կորեային: