Ոստիկանությունն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիորդանոցում, որը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբ, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել են դեպքի վայր, որտեղ դեռևս քննչական գործողություններ են իրականացնում։
«Ազատության» հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ երեք անձ հրավիրվել է ոստիկանություն մանրամասներն ուսումնասիրելու համար։
Նախընտրական շտաբ հանդիսացող բիլիարդանոցը հսկող երիտասարդը, տեղեկանալով, որ «Ազատություն» ռադիոկայանից ենք, ոչ թե, ինչպես ինքը նշեց՝ ԲՀԿ լրագրող, արգելեց ներս մտնել շտաբ։ Ներսից փակեց դուռը, որտեղ երևում էր մեկ ոստիկան և մի քանի այլ տղամարդիկ։
Երևանի ավանագու վաղը կայանալիք ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը դիմեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարելով, թե այս ամենը սուտ մատնություն է իրենց կուսակցությունը կազմալուծելու նպատակով։
«Հարգարժան պարոն ոստիկանապետ, սուտ մատնությունը քրեական օրենսգրքով ենթադրում է հստակ քրեական պատասխանատվություն», ֊ հայտարարեց Զոհրաբյանը։ ֊ «Հիմա, հարգարժան պարոն Օսիպյան, կա՛մ Դուք սուտ մատնության հոդվածով քրեական գործեր կհարուցեք բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր սուտ մատնության գործողություն են կատարել և ուղղակի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստանի» աշխատանքը, մեր ակտիվիստների աշխատանքը, կա՛մ, պարոն Օսիպյան, մենք բարձրացնելու ենք Ձեր հրաժարականի հարցը, որովհետև Դուք չեք տիրապետում իրավիճակին»։
ԲՀԿ-ի նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում էր գրել և դիմել իրավապահներին՝ կոչ անելով զբաղվել այս հարցով։
Նշենք, որ այսօր ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և մի խումբ երիտասարդներ ներխուժել են «Մեդիա կենտրոն»՝ որտեղ «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ներկայացնում էր նախընտրական շրջանում իրենց կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները և նշում էին, որ ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր են ստացել, որոնք հիմնականում եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին։ Պատգամավորն ու նրան ուղեկցող երիտասարդները ասուլիսի մասնակիցներին մեղադրել են իրենց հասցեին կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Թեժ վեճից հետո, «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցներին դուրս են բերել «Մեդիա կենտրոնից» և ասուլիսը շարունակվել է։
«Թեև մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստացել ընտրակաշառքի մասով, ընդ որում ես պետք է ազնվությամբ ասեմ՝ բոլոր ահազանգերը վերաբերում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և մի ահազանգ վերաբերում էր Ռեֆորմիստներին, բոլոր այն դեպքերում որտեղ ինչ֊որ հղումներ կային՝ կոնկրետ անձանց, տեղանքի և այլն, մենք դրանք փոխանցում էինք ոստիկանությանը», ֊ ասուլիսի ժամանակ հայտարարեց Դանիել Իոաննիսյանը։
Այսօր առավոտյան դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ ընտրակաշառքի դեպքով քրեական երրորդ գործն է հարուցել։ Իրավապահները տվյալներ են ձեռք բերել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկին ընտրելու դիմաց Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի երկու բնակչի խոստացել են մարել վերջիններիս ունեցած ջրի վարձի՝ 150,000 ՀՀ դրամ գումարի կեսը:
Ավելի վաղ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել էին 60 հազար դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար:
Մեկ այլ դեպքում՝ ընտրողին խոստացել էին 10 հազար դրամ՝ իրենց կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։
Բոլոր երեք դեպքերում իրավապահները չեն հայտնում, թե որ քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար է ընտրակաշառք առաջարկվել։