Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է Չինաստանի վարչապետը

Չինաստանի վարչապետ Լի Կըցյան, արխիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը:

«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները», - Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

«Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում է ապրել: Երկկողմ բարձր մակարդակի սերտ շփումները և քաղաքական փոխվստահությունն անընդհատ ամրապնդվում են, համագործակցությունը զանազան ոլորտներում՝ խորանում՝ իրական նպաստ բերելով մեր ժողովուրդների կյանքում: Չինական կողմը կարևորում է Հայաստանի՝ որպես գործընկերոջ դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Ես պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու՝ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունն ապահովելու նպատակով», - գրել է Չինաստանի վարչապետը:

«Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն հաջողություն», - Նիկոլ Փաշինյանին գրել է Լի Կըցյանը: