Դոնալդ Թրամփ․ «Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեծարգո վարչապետ, ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ», - ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

«Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը», - Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Դոնալդ Թրամփը:

«Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար», - ասված է ուղերձում:

«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ», - Փաշինյանին գրել է Թրամփը:

«Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին», - ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: