Հայաստանը պետք է աշխատի լավ իմիջի պահպանման և զարգացման ուղղությամբ. Սվիտալսկի

2018-ի հեղափոխությունը Հայաստանի համար խաղաղ փոփոխության բրենդն է ստեղծել և հայաստանցիները պետք է աշխատեն Հայաստանի լավ իմիջի պահպանման և զարգացման ուղղությամբ։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Դա այն բրենդն է, որը ցույց է տալիս, որ մարդիկ կարողացել են խաղաղ ճանապարհով փոփոխել իշխանությունը և այս իմիջը շատ գրավիչ է եղել բոլորի համար ամբողջ աշխարհում։ Մենք պետք է հասկանանք, որ այս իմիջը հավերժ չի պահպանվելու, և հայաստանցիները պետք է մտածեն ինչպես անել, որպեսզի Հայաստանի այս դրական պատկերը, որպեսզ խաղաղ փոփոխության երկիր, պահպանվի և շարունակի ակտուալ մնալ և դրանով գրավ այլ ժողովուրդների համակրանքը՝ քաղաքական համակրանքը, ինչպես նաև տնտեսական համակրանքը, որն իր կբերի հավելյալ տնտեսական ակտիվություն։ Այնպես որ իմ խորհուրդը կլիներ հայաստանցիներին՝ լինել դրական փոփոխության դեսպաններ. ուր էլ որ նրանք գնան, ում հետ էլ որ հանդիպեն, նրանք պետք է բացատրեն այս փոփոխության իրական բնույթը», - ասաց դեսպանը։

Հարցին, թե կարե՞լի է ասել, որ այս իշխանությունների քայլերը համահունչ են եվրոպական արժեքներին, դեսպանը պատասխանեց. - «Կան դրական մտադրություններ, կան մեծ հույսեր և ակնկալիքներ։ Եվրոպայի փորձից ելնելով մենք խուսափում ենք խորհուրդներ տալուց, մենք պարզապես կարող ենք կիսվել մեր փորձով. ամենակարևոր բանը հաստատություններ ստեղծելն է, քաղաքական կամքը դա փոփոխությունների մեխանիզմն է, փոփոխությունների լծակն է, սակայն փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն այն բանից հետո, երբ քաղաքական կամքը վերափոխվի ուժեղ հաստատությունների և լավ օրենքների։ Որովհետև միայն դրանով կարելի է ակնկալել, որ նոր սոցիալական երկխոսության մշակույթ կձևավորվի։ Հայաստանցիներն առաջիկա ամիսներին այս մեծ մարտահրավերի առաջ են կանգնած լինելու, թե ինչպես այս դրական փոփոխությունները, մտադրությունները վերափոխեն օրենքների և նոր կառավարման մշակույթի»։

«Դրական փոփոխություններն ակնհայտ են»

«Ազատության» հարցին, թե տեսնում է բիզնես ոլորտի ազատականացում, դրական փոփոխություններ, դեսպանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ դրական փոփոխություններն ակնհայտ են, այդ փոփոխությունները վերաբերում են այն փաստին, որ այլևս գոյություն չունեն միջանկյալ բիզնես գործիչներ, ովքեր իրենց հատուկ կապերի շնորհիվ կարողանում են միջնորդի դեր կատարել։ Կարծում եմ, որ մենք ավելի շատ մոտենում ենք այն իրավիճակին, երբ խաղի կանոնները հավասարվում են։ Երբ որ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, մենք տեսնում ենք, որ ներդրողները որոշել են դեռևս սպասել և հասկանալ, թե ինչ տեղի կունենա և դա հասկանալի է։ Տարվա երկրորդ մասի ցուցանիշները, որոնք վերաբերում են արտաքին ներդրումներին, ցույց են տալիս, որ արտաքին ներդրողները սպասողական վիճակում են և դա հասկանալի մոտեցում է գործարարների կողմից։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն օտար ներդրողների համար գրավիչ երկիր է։ Այս պահին կարևոր են դրական ազդակները. պետք է հղել ազդակ, որ Հայաստանը հետաքրքրված է, որ օտար ներդրողներ գան։ Պետք է այնպես անել, որ նոր ներդրողները, հատկապես Եվրամիությունից, զգան, որ այստեղ իրենց սպասում են»։

«Կան բոլոր նախանշանները ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու համար»

Դեսպանն ասաց, որ հետևում ենք Հայաստանում ընթացող բոլոր զարգացումներին։ Նրա գնահատմամբ, կան բոլոր նախանշանները ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու համար։

«Երևանի ընտրություններն իհարկե համապետական ընտրություններ չեն, և դեռևս վաղ է դրանց հիման վրա մեծ եզրահանգումներ անել, մանավանդ պետք է հասկանալ, որ այդ ընտրություններն անցկացվում են հին Ընտրական օրենսգրքի հիման վրա։ Սակայն կարևորն այն է, որ մենք հավատում ենք, որ այս ընտրությունների հետ կապված կան բոլոր նախանշանները, որ կարող են անցկացվել ժողովրդավարական և ազատ ընտրություններ», - ասաց դեսպանը՝ շարունակելով. - «Կուսակցությունների միջև բանավեճերը, զարգացումները շատ զգացմունքային են անցնում, լարված է անցնում, մենք տեսնում ենք, որ ինչքան մոտենում են ընտրությունների օրերը, կրքերն այդքան թեժանում են, բառերի պատերազմներ են ընթանում, ինչն իրականում ժողովրդավարության նախանշաններից մեկն է։ Իհարկե մենք մի փոքր անհանգիստ ենք սոցիալական ցանցերում չափից դուրս ատելության խոսքի և վիրավորանքի կապակցությամբ, սակայն եվրոպական բոլոր հասարակություններում էլ այսպես է։ Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա այդ ուղղության մեջ է»։