Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում, Բաքվում Թուրքիայի դեսպանատանը գործարարների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հակամարտությանը:
«Քանի դեռ ես Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն եմ, հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն լինելու»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ընդգծել է Բոզքըրը: Նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիայի համար ևս առաջնային կարևորություն ունի, թուրք պաշտոնյան հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջերս Բաքվում հնչեցրած հայտարարությունը, թե «առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, հայ-թուրքական սահմանը չի բացվելու»:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահը Բաքվում նաև հայտարարել էր․ «Եղբայրական Ադրբեջանի հողերի 20 տոկոսն օկուպացիայի տակ պահողներն իզուր են սահմանի բացում ակնկալում»: Էրդողանը նաև շեշտել էր, թե Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ, սակայն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար պարտադիր պայման է: