Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, և «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներն ավելի մեծ օգուտ բերեն մեր երկրներին ու ժողովուրդներին», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է Չինաստանի նախագահի ուղերձում:
Շվեյցարիայի նախագահը իր ուղերձում գրել է․ - «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաև Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության և բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները, ինչպես նաև Ձեզ ցանկալ առողջություն և հաջողություն: Ուզում եմ վերահաստատել այն կարևորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության և բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել: Շվեյցարիան մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որի անդամները հանձնառություն են ստանձնել առաջ մղելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները և մշակութային ու լեզվական բազմազանությունը: Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»:
Ղազախստանի նախագահը, ջերմորեն շնորհավորելով հայաստանցի գործընկերոջը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում ևս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ համագործակցության ընդլայնման համար՝ ի բարօրություն Ղազախստանի ու Հայաստանի ժողովուրդների:
Հայաստանը Անկախության օրը տոնում է վաղը՝ սեպտեմբերի 21-ին: