Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի սպասվում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս գործընթացը պահանջում է ժամանակ, մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք բավական տարբեր հարթակներ միասին աշխատելու, և այդ հարցը կգա կհասնի իր հանգուցալուծմանը։ Մոտակա ժամանակներս նույնպես կլսեք այդ հանդիպումների մասին՝ տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպման։ Ներկայումս մենք չենք կարող նախատեսել, որ այդպես հապճեպ հանդիպում կկայանա», - ասաց Մնացականյանը։
Ճշտող հարցին, թե Նյու Յորքում այս անգամ Հայաստանի և Միացյալ Նահանգների նախագահները չե՞ն հանդիպի, Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց. - «Մենք հիմա հանդիպում չենք սպասում»։
Նշենք, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը։
Նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք են մեկնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։