Գազալցակայաններում և այլ վայրերում գործող խաղային ապարատները պետք է հանվեն այդ տարածքներից, Փաշինյան

Գազալցակայաններում և այլ վայրերում գործող խաղային ապարատները պետք է հանվեն այդ տարածքներից և հնարավորինս շուտ։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

«Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհանրապես աբսուրդ է։ Մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը` մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է մի քաղաքականություն տանենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ մյուսը», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Խնդիրը շատ հստակ է՝ գազալցակայաններում և ամենուր տեղադրված էդ ապարատները պետք է դուրս բերվեն՝ հնարավորինս շուտ ժամկետներում, սա՝ առաջինը, երկրորդը՝ էդ փողոցային թակարդները, որոնք են մեր բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գոյությունը սահմանափակվի և ի վերջո դրանք նույնպես դուրս գան։ Էս առաջինը պետք է անել շատ արագ և շատ վճռական, իսկ երկրորդը պետք է ավելի մտածված անել»։

Փաշինյանն ընդգծեց՝ ներկայումս գործող տնտեսական կառուցվածքն իրենց չի բավարարում։

«Հաշվի առնելով այն, որ մեր տնտեսությունն իրենից ներկայացնում է ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական, մոլախաղեր, ընդերքի արտահանում, էս տնտեսական կառուցվածքը չի կարող մեզ ոչ մի կերպ ձեռնտու լինել։ Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռևերսի, փոփոխության շրջանում մենք նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին», - ասաց վարչապետը:

«Ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար, այս երեք խնդիրը մենք պետք է լուծենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց փոփոխությունների այս նախագծին։