Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը` Մոսկվա)` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Հանդիպումից առաջ տեղեկանալով, որ հյուսիսարևելյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել է Հայաստանի ԶՈւ զինծառայող Հայկազ Մաթևոսյանը, պաշտպանության նախարարը այդ մասին տեղեկացրել է դեսպանին, նշելով, որ ՀՀ Զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով:
Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանում հավատարմագրված ԳԴՀ ռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով: Պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում և իրականացվում է մի քանի ձևաչափով. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, ինչպես նաև համատեղ մասնակցություն Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ական առաքելությանը:
Մաթիաս Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող, փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնել: Փոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը և ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար: