Գյումրիում ազատ տնտեսական գոտի սահմանելու մասին օրինագիծն արդեն խորհրդարանի օրակարգում է: Այսօր այս մասին Գյումրիում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանայնը փոխվարչապետին խնդրեց արագացնել Գյումրիին ազատ տնտեսական գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացը, քանի որ Իսրայելի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ այնտեղ 340 հեկտար տարածքի վրա լոգիստիկ կենտրոն է կառուցվելու, սակայն պայմանով, որ այդ տարածքը հայտարարվի ազատ տնտեսական գոտի:
Ավինյանը տեղեկացրեց, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտիով այլ հետաքրքրվողներ ևս կան․ «Կան որոշակի ընկերություններ, որոնք հետաքրքրված են այդ ազատ տնտեսական գոտում մասնակցությամբ, և ես համոզված եմ, որ դա տեղի է ունենալու»:
Մարզերի համաչափ զարգացումը նոր կառավարության ուղենիշերից մեկն է, մինչդեռ Գյումրիի բյուջեն 30 անգամ պակաս է Երևանի բյուջեից, նշեց Բալասանյանը: Գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքում աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ նոր կառավարությունն ի՞նչ քաղաքականություն է իրականացնելու: Այս հարցի համատեքստում Տիգրան Ավինյանը երկու ուղղություն մատնանշեց՝ մեկը տեքստիլ արդյունաբերությունն է, մյուսը ՏՏ ոլորտը:
Ըստ նրա, տեքստիլ արտադրության զարգացման հետ կապված պայմանավորվածություն կա՝ ուսումնական կենտրոն ստեղծելու վերաբերյալ: ՏՏ ոլորտում էլ Գյումրիի մարդկային ներուժը կարող է նոր ներդրումներ ապահովել ու աշխատատեղեր բացել: Ե՞րբ է շիրակցին զգալու այս փոփոխությունների արդյունքը, որպեսզի խոպան գնալու փոխարեն տեղում աշխատի: «Ես կարող եմ ասել, որ մենք ջանք չենք խնայելու, որ դա տեղի ունենա օր առաջ: Հուսով եմ, որ մեկ տարվա կտրվածքում մարդն այստեղ իր կյանքում արդեն որոշակի փոփոխություններ կզգա»,- ասաց փոխվարչապետը:
Ըստ Ավինյանի, այստեղ տնտեսական իրավիճակը կփոխվի նաև որոշ ենթակառուցվածքների ստղծման շնորհիվ․ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ, նաև «Շիրակ» օդանավակայանի վերակառուցմամբ: Այդ օդանավակայանից այսօր միայն ռուսական «Պոբեդան» է թռիչքներ իրականացնում: Մեկուկես տարի առաջ «Տարոն Ավիան» իր ինքնաթիռները բազավորել էր Գյումրիի օդանավակայանում, սակայն ռուսական ընկերության մրցակցությանը չդիմանալով՝ հեռացավ:
Մասնագետների կարծիքով՝ ««Տարոն Ավիան» «Պոբեդայի» «դեմպինգային քաղաքականության զոհն էր»: Ավինյանն ասաց, որ կառավարությունը, այսպես ասած, «ազատ օդի» քաղաքականություն է որդեգրել և բոլորին, ներառյալ ազգային փոխադրողներին, առաջարկում է նույն պայմանները, որոնք «բավական մրցակցային են»:
«Բայց կա հարցի երկրորդ մասը․ այլ երկրների նկատմամբ մի փոքր այլ քաղաքականություն է, և նրանց հետ մեր բանակցությունների հիմնական նպատակն է լինելու այն, որ մենք ստանանք այնպիսի պայմաններ մեր ավիափոխադրողների համար, ինչ պայմաններ որ տալիս ենք իրենց ավիափոխադրողներին»,- ասաց Ավինյանը: