«Ազատություն»․ - Երկու օր մնաց քարոզարշավին, և այդպես էլ լրատվամիջոցներով բանավեճ տեղի չունեցավ քաղաքական ուժերի թեկնածուների միջև: Ինչո՞ւ:
Փոստանջյան․ - Կարծում եմ, որոշ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչներ պատշաճ կարգով չէին պատրաստվել և չունեին այդ հմտությունները, որպեսզի ներկայանային բանավեճի: Նաև բանավեճի մշակույթի բացակայությունը մեզանում, իհարկե, խոսում է [այն մասին], որ մենք, որպես ազգ, ժողովրդավար բանավեճի պատրաստ չենք:
«Ազատություն»․ - Դուք և՞ս պատրաստ չեք:
Փոստանջյան․ - Ես պատրաստ եմ: Եվ խնդրել էի, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ներկա լինեին, և մենք բանավիճեինք, և լիներ հատուկ հեռուստաընկերություն, որը այդ պայմանները մեզ համար կստեղծեր, և այդ պայմանները բոլորի համար հավասար կլինեին:
«Ազատություն»․ - Քարոզարշավի պայմանները հավասա՞ր են եղել բոլորի համար:
Փոստանջյան․ - Կան խախտումներ: Հատկապես պետք է նշեմ, որ բոլորը խոսում են աղբից մաքրման մասին, բայց տեսնում ենք, թե ինչպես են իրենց քարոզչական նյութերով որոշ քաղաքական ուժեր կեղտոտել մեր քաղաքի փողոցները, պատերը:
«Ազատություն»․ - Ո՞ր քաղաքական ուժերն են:
Փոստանջյան․ - Ես այս պահին չեմ հնչեցնելու իրենց անունները: Դրանք ակնհայտ են․ կնայեք կտեսնեք, թե ովքեր են այդ չնախատեսված վայրերում փակցրել և խախտել օրենքը:
«Ազատություն»․ - «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ստացել ենք տեղեկություն, որ «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածուները անշարժ գույքի և ունեցվածքի հայտարարագրեր չեն ներկայացրել:
Փոստանջյան․ - Օրենքով չի պահանջվում, մենք էլ չենք ներկայացրել: