Նախարարը խոստանում է մինչ «Երևանի տոնը» լուծել աղբահանության հարցը

Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության խոստացած հինգ նոր աղբահան մեքենաներն արդեն հատել են Վրաստան-Հայաստան սահմանը և վաղը կլինեն Երևանում։ Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որը վարչապետից հանձնարարություն է ստացել «Երևանի տոնին» և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ՝ հսկողության տակ առնել մայրաքաղաքի մաքրության խնդիրը։

«Մենք փորձել ենք նաև որոշ ապահովագրող քայլեր կատարել, որովհետև վստահություն չկա հիշյալ ընկերության գործունեության հետ կապված, քանի որ բազմիցս խոստումերը, որ տրվել են նաև նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին, խախտվել են: Ես մեր համապատասխան գերատեսչություններին հանձնարարական եմ տվել, նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել ենք անհրաժեշտության պարագայում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը»,- ասաց Պապիկյանը:

Նախարարն ասաց նաև, որ արդեն պարզել են, թե որ համայնքներից է հնարավոր տեխնիկա բերել՝ երևանյան միջոցառումների օրերին աղբահանությունը պատշաճ կազմակերպելու համար, և անկախ «Սանիթեքի» ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից, Երևանը պատրաստ կլինի քաղաքի տոնին ու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին հյուրեր ընդունել տարբեր արտերկրից: Տարածքային կառավարման և զարգացման նախարարն ասաց, թե դիմել է իրավապահ մարմիններին ստուգելու՝ արդյո՞ք «Սանիթեք» ընկերության գործունեությունը խոչընդոտող սահմանափակումներ են եղել նախկինում, որի մասին Պապիկյանին լուրեր են հասել։

«Օրինակ դիզվառելիքի հետ կապված՝ ժամանակին իրենց առաջ խնդիր է դրվել, որ պիտի օգտվեք կոնկրետ այս կազմակերպությունից: Այս պահին հավաստում դեռ չենք ստացել այդ կազմակերպությունից, բայց իրավապահ մարմինները զբաղվում են դրանով: Եթե դա իրական կլինի, բոլոր նրանք, ովքեր միջամտել են, կպատժվեն»,- հավաստիացրեց Պապիկյանը:

Վերջին երկու ամիսներին «Սանիթեք» ընկերությունն արդեն երկու անգամ տուգանվել է՝ աղբահանությունը ոչ պատշաճ կազմակերպելու, պայմանագրային պարտավորություններում թերացումներ թույլ տալու համար։

Կառավարության ներկայացուցիչն անդրադարձավ նաև աղբավայրերի, մասնավորապես, «Նուբարաշենի» աղբավայրի՝ տարիներ շարունակ չլուծվող խնդրին։ Նա չբացառեց հնարավորությունը, որ անցած տարիներին կառավարությունն ու Երևանի քաղաքային իշխանությունը շահագրգիռ չեն եղել աղբավայրը վերացնելու և աղբի վերամշակումը կազմակերպելու հարցում, քանի որ որոշակի շահեր են ունեցել։

Նախկին իշխանությունների բոլոր նախընտրական ծրագրերում հիշյալ աղբավայրի հարցը ներառված է եղել։ Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարվեց մի ծրագրի մեկնարկի մասին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանը 16 միլիոն եվրո վարկի և 10 միլիոն եվրո դրամաշնորհի հաշվին կմեկուսացնի «Նուբարաշենի» գործող աղբավայրն ու նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան աղբավայր կկառուցվի: Դա, ըստ փորձագետների, բավականին թանկարժեք ծրագիր է։ Դեռևս հայտնի չէ՝ այս ծրագիրը կյանքի կկոչվի՞, թե ոչ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասաց, որ կառավարությունն աղբի վերամշակման ուղղությամբ առաջին քայլերն է անում: