Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանում իշխանության եկած նոր անձինք «չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, հանդես են գալիս հիմար հայտարարություններով, որոնք նպաստում են լարվածության աճին շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին»:
Այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Բիլյասուվարի՝ նախկին Պուշկինոյի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը հնչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին Լեռնային Ղարաբաղ կատարած այցին ի պատասխան:
Փաշինյանը, երեկ տեղեկացրել է, որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց «կայուն կարելի է համարել այդ իրավիճակը և վերահսկելի»:
Հայաստանի վարչապետը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության բանակի ներկայացուցիչների հետ և քննարկել ղարաբաղյան խնդրի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը:
«Հայկական կողմը պատրաստ է խաղաղության, բանակցությունների, սակայն պատրաստ է նաև պատերազմի», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա չի նշանակում, թե հայկական կողմը պատերազմ է ցանկանում:
Ալիևի խոսքով՝ մինչդեռ առաջնագծում լարվածություն են ստեղծում Հայաստանի նոր իշխանությունները, սակայն Ադրբեջանի բանակն «արժանի պատասխան է տալիս»:
«Այսօր հայկական բանակը չի կարող մրցել մեզ հետ: Հայաստանը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել: 20 տարի Հայաստանը ղեկավարած հանցավոր բռնապետությունը տապալվեց: Ես բազմիցս եմ ասել՝ Հայաստանը ղեկավարում էին մի խումբ ավազակներ։ Սակայն, ցավոք, նոր իշխանությունը չի գիտակցում իր պատասխանատվությունը՝ հայտարարություններ անելով և քայլեր ձեռնարկելով նպաստում են հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությանը», - հայրենակիցներին վստահեցրել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը կրկին պնդել է, թե ինչպես 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այս տարվա մայիսին, ադրբեջանական բանակն «արժանի հակահարված է տվել թշնամուն»՝ ընդհուպ Նախիջևանի ուղղությամբ իր «վերահսկողության տակ վերցնելով հսկայական տարածքները», ինչն, ի դեպ, հայկական կողմը բազմիցս կտրականապես հերքել է:
Ալիևի խոսքով՝ ադրբեջանական բանակը «հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողություններ է իրականացրել նաև մի քանի օր առաջ»։
«Մեր զինվորներն այնպիսի լավ դաս են տվել, որ նրանք հազիվ թե մոտ ժամանակներս ուշքի գան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր բանակը և ավելի խոշոր միջոցներ հատկացնել զինված ուժերին։
Հայկական կողմի պնդումները, թե վերջին շաբաթվա ընթացքում «հայկական զինուժը ստիպված է եղել սպանել երեք ադրբեջանցի զինծառայողի», պաշտոնական Բաքուն հերքում է:
«Փաշինյանը մեծ ոգևորությամբ է ներկայացնում իր ժողովրդին այդ ստահոդ տեղեկատվությունը՝ փորձելով այդ կերպ ուշադրություն շեղել իր անհաջող քաղաքականությունից», - հայտարարել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
Բեռլինում տեղակայված ադրբեջանական «Մեյդան TV» ոչ կառավարամետ լրատվամիջոցը մինչդեռ հայտնում է, որ երեք օր առաջ ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհ եղել է: Խոսքը մասնավորապես 19-ամյա ադրբեջանցի զինծառայող Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևի մասին է:
«Մեյդան TV»-ի հետ զրույցում զոհված զինվորի ազգակցականը՝ Իլհամ Ջալիլովը տեղեկացրել է, որ Իբրահիմ Ալլահվերդիևը ծառայում էր Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ և զոհվել է երեք օր առաջ: