Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով

Danske Bank-ի ղեկավար Թոմաս Բորգեն, արխիվ

Դանիայում գործող խոշորագույն ֆինանսական կառույցի` Danske Bank-ի ղեկավար Թոմաս Բորգենն այսօր հրաժարական է ներկայացրել դրամատան` Էստոնիայում գործող մասնաճյուղի շուրջ ծագած սկանդալի ֆոնին:

«Հստակ է, որ Էստոնիայում փողերի հնարավոր լվացման հարցում Danske Bank-ը չի կարողացել հավատարիմ մնալ իր պարտավորություններին», - նշել է Բորգենը:

Այսօր, օրվա երկրորդ կեսին, Կոպենհագենում հրապարակվելու են Danske Bank-ի ներքին հետաքննության արդյունքները:

Դանիայի խոշորագույն բանկի շուրջ սկանդալը ծագեց մամուլում հայտնված այն տեղեկություններից հետո, որոնց համաձայն, 2007-ից 2015 թվականներին Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով մի շարք հետխորհրդային պետությունների պետական պաշտոնյաներ և օլիգարխներ շուրջ 150 միլիարդ դոլարի լվացում են իրականացրել: Խոսքը մասնավորաբար Ադրբեջանից, Ռուսաստանից և Մոլդովայից դուրս բերված գումարների մասին էր: