Դասադուլ՝ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և բուհի վարչական կազմի հրաժարականը։

Երիտասարդներն ասում են, որ բուհի խնդիրների մասին իրենք խոսում են դեռ անցած տարվանից, բայց ոստիկանության վերջին բացահայտումը լցրեց իրենց համբերության բաժակը։ Իրավապահներն օրերս պարզել են, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012-16 թվականներին կեղծել են պաշտոնական փաստաթղթեր և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար․ խոսքը շուրջ 12.5 միլիոն դրամի մասին է։

«Միայն այն փաստը, որ ռեկտոր Դավիթ Մուրադյանը նույնիսկ իր անտեղյակության համար, որ իր կողքի կաբինետում նստած մարդը կարող է գումար լվանալ ինստիտուտի շնորհիվ, միայն իր անտեղյակության պատճառով պետք է հրաժարվի իր պաշտոնից», - ասաց ուսանողներից մեկը։

Դասադուլավոր ուսանողները վրդովված են․ միլիոնավոր դրամներ յուրացվել են, այնինչ իրենց մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պարագաներ գնելու միջոցներ բուհը չուներ․ - «Պավիլիոն պետք է լինի նկարահանման համար, որ մենք լույս դնենք, ֆոտո սովորենք: Հիմա զրո ա, ինչ-որ 60 թվի մի հատ լույս ա, որը երեք հոգով պետք ա բռնենք, մի հոգին նկարի»:

Բուհի դիմացից դասադուլը տեղափոխվեց շենքի ներսը։ «Միացեք մեզ ու պայքարեք ձեր իրավունքների համար» բացականչություններով երիտասարդները մտան ինստիտուտ ու սկսեցին անցնել լսարանից լսարան։ Բայց այստեղ նրանք փակ դռների հանդիպեցին․ դասադուլին չմիացած ուսանողները ներսից կողպել էին դուռն ու չէին արձագանքում կոչերին։

Փակ դռների մի քանիսը բացվեցին, և ներսում գտնվողները հայտարարեցին, թե այժմ մասնագիտական փորձեր են անում, բայց դեմ չեն դասադուլին ու դրա պահանջներին։

Մոտ երեք ժամ դասադուլ անող ուսանողներին ռեկտոր Դավիթ Մուրադյանն այդպես էլ չմոտեցավ։ Ստիպված մենք թակեցինք նրա դուռը։

Ռեկտորը հայտարարեց, թե իր հրաժարականը տրամաբանական չի լինի, բուհը շուրջ 800 ուսանող ունի, իսկ այսօր դասադուլ է անում ընդամենը 30-40-ը․ - «Ես չեմ տեսնում ուսանողների այն քանակը, որի պահանջը ես կատարեմ»:

Ի պատասխան դասադուլավորները հայտարարեցին, թե մոտ ապագայում ստորագրահավաք կկազմակերպեն․ - «Եվ էդ ժամանակ կտեսնենք, թե ուսանողների քանի տոկոսն է դեմ և քանի տեկոսը կողմ նրա պաշտոնավարման շարունակությանը»:

Ռեկտորի հետ զրուցեցինք նաև ոստիկանության բացահայտումներից։ Իրավապահները պարզել էին, պրոռեկտորներից մեկը ձևակերպվել է որպես անգլերենի դասախոս, սակայն 4 տարի ընդհանրապես չի դասավանդել, բայց ստացել է ընդհանուր առմամբ 3,5 միլիոն աշխատավարձ։ Մուրադյան ասաց, որ պրոռեկտոր Հովհաննես Ավագյանն այլևս աշխատանքից ազատված է։

Մեկ այլ դրվագով էլ, ըստ իրավապահների, 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության, իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 միլիոն 150 հազար դրամ։

Այս կապակցությամբ Մուրադյանն ասաց, թե օրենքը չի արգելում պրոռեկտերի կնոջ հետ պայմանագիր կնքել: Միգուցե բարոյական խնդիր կա, բայց բուհը մեքենայի կարիք ունեցել է․ - «Հազար ու մի կարիքներ․ փաստաթղթեր կա նախարարություն տանելու, հյուրեր կա ընդունելու, այստեղ սպասարկելու, գնումների գործընթաց կա, երբ դու գնում ես ինստիտուտի համար ապրանք բերելու․․․ Այսպիսի հանգամանքներ կան, և ես չեմ համարում, որ վարորդը իզուր տեղը աշխատավարձ է ստացել»:

Թատերականի ռեկտորը, որն արդեն 4 տարի այս պաշտոնն է զբաղեցնում, հորդորեց սպասել քննության ավարտին: Ասաց նաև, որ իրենք աջակցել են ոստիկանությանը, և հետագա գործղությունները պարզ կդառնան միայն իրավապահների վերջնական գանատականից հետո։

Իսկ ուսանողները խոստանում են շարունակել դասադուլերը մինչև ղեկավարության հեռանալը: