Արամ Սարգսյանի ելույթը բարեկամական էր, դրանում չկար հեգնանք, ագրեսիա․ Զեյնալյան

Արտակ Զեյնալյան, արխիվ

«Արամ Սարգսյանի երեկվա ելույթը միայն արտահայտում էր բարեկամին հատուկ մտահոգություն»: «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով երեկ Էրեբունի վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ելույթը, այսօր նման կարծիք հայտնեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Սարգսյանն իր ելույթում քննադատել էր վարչապետին, պնդելով, թե Փաշինյանը հակահեղափոխության փորձերի մեջ է մեղադրում իր հետ ճանապարհ անցած թիմին: «Արամ Սարգսյանի խոսքը մտերմիկ էր, բարեկամական, բարի, դրա մեջ չկար ագրեսիա, չկար հեգնանք, չկար սարկազմ, դրա մեջ կար մտահոգություն բարեկամին ներհատուկ»,- ասաց Զեյնալյանը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք քարոզարշավին հնչած ելույթները մտահոգություն չեն առաջացնում, որ երբեմնի դաշնակիցների միջև գործընկերային հարաբերություններն այլևս չեն շարունակվելու, Զեյնալյանը պատասխանեց՝ իրենք շարունակելու են բարեկամական հարաբերությունները:

«Գործընկերային հարաբերությունները շարունակվում են: Մենք համարել ենք, որ երկրում չունենք թշնամիներ, որոնց պետք է մղել դուրս։ Որևէ մեկին լուսանցք չենք մղելու։ Մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք մեր «Ելք» խմբակցության մյուս գործընկերների հետ։ Նրանք մեր գործընկերներն են, մեր մրցակիցներն են։ Մենք այլ ձևաչափով ենք մասնակցում [ավագանու ընտրություններին] և պատրաստվում ենք ստանձնել երևանի կառավարման պատասխանատվությունը»,- շարունակեց «Լույս» դաշինքի թեկնածուն։

Երեկ «Լույսի» մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել էր․ «Ամպի չափ երևակայություն է պետք ունենալ՝ մտածելու համար, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար»:

Օրերս քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Էրեբունի վարչական շրջանում ունեցած իր ելույթի զգալի մասը նվիրել էր հակահեղափոխականների դեմ պայքարին: Վարչապետը հայտարարել էր, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող որոշ «քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ», բանակցություններ են վարում հանրապետականների հետ, որպեսզի վերջիններս «ընտրակեղծարարական ռեսուրսով» պաշտպանեն իրենց:

Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն աննախադեպ է համարում։ Նա կոչ է անում՝ վերադառնալ բարի մթնոլորտին։ «Այն բառամթերքը, որ օգտագործվում է, կամ տեխնոլոգիաները, որ օգտագործվում են, մնացուկներ են և անհապատասխան են այն իրավիճակին, որ ստեղծված է։ Չի մասնակցում այն ուժը, որը մշտապես ասոցացվում է բիրտ ուժի, զոռբայության հետ։ Կարծում եմ՝ քարոզարշավը պետք է անցկացվեր այլ լույսի ներքո»,- ասաց Արտակ Զեյնալյանը։