Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները, որոնց օրակարգում երկկողմ տնտեսական համագործակցության ընդկայնման և Սիրիայում իրավիճակի խնդիրներն էին:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահների հանդիպումից հետո ստորագրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման մասին ռուս-թուրքական հուշագիր:
Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում մինչև հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացման գոտի, որից պետք է դուրս բերվեն ծանր տեխնիկան, թնդանոթները և հրթիռային համազարկերի կայանքները:
Ռուսաստանը և Թուրքիան այդ գոտում համատեղ պարեկություն են իրականացնելու:
Միաժամանակ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում շարունակել պայքարն ահաբեկչության դեմ:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո ընդգծել է, որ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի իրականացվի:
«Առաջիկա ժամերին մենք սիրիացիների հետ կհամաձայնեցնենք բոլոր դրույթները, որոնք տեղ են գտել ռուս-թուրքական հուշագրում»,- ասել է Շոյգուն:
«Մեր համոզմամբ, այս քայլերի իրականացումը քաղաքական նոր լիցք կհաղորդի սիրիական հակամարտոության կարգավորմանը, թույլ կտա ակտիվացնել Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը և խաղաղություն հաստատել Սիրիայում»,- այսօր ասել է Ռուսաստանի նախագահը: